Ի՞ՆՉ ԴԵՐ ՈւՆԵՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ ՆԵՎՐՈԶՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ
Этот текст доступен только на армянском.
Ընդունված է, որ հեքիաթները նախատեսված են երեխաներին պատմելու համար։ Հոգեվերլուծական տեսանկյունից դա ճիշտ է, քանի որ մարդու բնավորությունն ու նրա բազային գիտելիքներն ու արժեքները ձևավորվում են մինչև 5–7 տարեկանը։
Այդ տարիքում ընկալված տեղեկությունները շատ ուժեղ են ամրագրվում մարդու հիշողության մեջ, այդ պատճառով էլ մեծ ազդեցություն ունեն հետագա կյանքում նրա աշխարհայացքի ձևավորման վրա։
Աշխարհի մեր պատկերի որակը, լիակատարությունն ու այն աշխարհին համապատասխանելու աստիճանը, որտեղ մենք ապրում ու զարգանում ենք, հիմնականում կախված են մանկության շրջանում ձևավորված հիմնական պատկերացումներից։
Եթե բնավորության կարևոր գծերը, գիտելիքները, վերաբերմունքը կամ պատկերացումները, որոնք ձևավորվել են մանկությունում, չեն համապատասխանում իրականությանն, ապա դրանք մշտապես խանգարում են ապրելուն ու աշխատելուն թե՛ գիտակցական, թե՛ ենթագիտակցական մակարդակներում։
Շատերը նույնիսկ չեն էլ ենթադրում, որ իրենց գործնական ու անձնական կյանքի անհաջողությունների մեծ մասը մանկությունում ստացած դիրքորոշումների հետևանք է։ Մեծ տարիքում դրանք փոխելու և իրականությանը համապատասխանեցնելու համար մեծ աշխատանք է պահանջվում սեփական անձի վրա (այդ թվում՝ մասնագետների օգնությամբ)։
Ինքնազարգացման աշխատանքը հեշտ չէ, երկարատև է, և մանկությունից ստացված «սխալ, բայց հարազատ» դիրքորոշումներից ազատվելը դժվար է, երբեմն էլ՝ ցավոտ։ Ստիպված ենք ծախսել արժեքավոր շատ ռեսուրսներ՝ ժամանակ, ֆինանսներ, առողջություն, որպեսզի ազատվենք բնավորության «վնասակար» գծերից ու սեփական անձի և շրջապատող աշխարհի մասին ոչ ադեկվատ պատկերացումներից։
Կարճ ասած, պետք է կատարել կամ ավելի ճիշտ՝ ավարտին հասցնել այն աշխատանքը, որը ծնողները մեր մանկության տարիներին չեն հասցրել անել։ Ընդ որում, հարկավոր է նաև չմոռանալ միևնույն ժամանակ ապրել այսօրվա օրով ու աշխատել։ Ստացվում է, որ մանկությունում ստացած թերի կամ լուրջ սխալներով «կրթությունը» շատ է բարդացնում, եթե չասենք՝ «փչացնում» կյանքը հասուն տարիքում։
Կարծում եմ՝ հարգելի ընթերցողին արդեն քիչ թե շատ պարզ է դառնում, թե ինչ կապ ունեն այստեղ հեքիաթները։ Հեքիաթները մետաֆորիկ պատմություններ են կյանքի, օրենքների, արժեքների, որոշ իրավիճակներում հասարակության կողմից նախընտրելի վերաբերմունքի և վարքագծի մասին, սերունդների փորձ, որը մարդուն սովորաբար փոխանցվում է վաղ մանկությունում։
Այն ամենն, ինչ ծնողները պատմում և սովորեցնում են իրենց երեխաներին, յուրօրինակ «հեքիաթ» է։ Դա նախորդ սերունդների փորձն է, որը կարող է զգալիորեն հեշտացնել երեխայի ապագա կյանքը։
Բայց այստեղ պետք չէ մոռանալ, որ ոչ մի հեքիաթ, ոչ մի պատմություն, ոչ մի գիտելիք ու փորձ, որոնք փոխանցվում են մի մարդուց մյուսին, բացարձակ չեն և 100 տոկոսով ճշգրիտ չեն։ Դրանք հարաբերականորեն ճշգրիտ են, այնքան, որքան թույլ են տալիս փոխանցողի մարդկային էության սուբյեկտիվությունը, գիտելիքները և կարողությունները։
Իհարկե, երեխայի համար ավելի լավ է ստանալ ավելի ճշգրիտ գիտելիքներ ու փորձ, քան պակաս ճշգրիտ։
Այս տեսանկյունից վատ ծնողներ չկան։ Բոլոր ծնողներն այս կամ այն չափով իրենց երեխաներին ինչ-որ բան են փոխանցում աշխարհի մասին։ Տարբերությունը միայն փոխանցվող տեղեկությունների ծավալների, ճշգրտության և իրականությանը համապատասխանելու աստիճանն է։
Ստացվում է, որ որքան ավելի ադեկվատ են ծնողների կողմից երեխաներին պատմվող «հեքիաթները» (այստեղ ծնողների նևրոզները քիչ դեր չեն խաղում), այնքան ավելի արդյունավետ կլինի նրանց հասուն կյանքը՝ մանկությունում ստացված տեղեկությունների հիման վրա։
Այս տեսանկյունից՝ «ճիշտ» հեքիաթներ, նախ, պետք է պատմել ծնողներին, որպեսզի նրանք ճիշտ (ավելի ճիշտ՝ որքան հնարավոր է ճիշտ) կողմնորոշվեն կյանքում, և ապա կարողանան դրանք մի փոքր արդիականացված տարբերակով փոխանցել իրենց երեխաներին։
Իսկ ինչո՞ւ արդիականացված ձևով։ Որովհետև կյանքը մշտապես փոխվում է, և անհրաժեշտ է ժամանակին կատարել համապատասխան շտկումներ։ Եթե շտկումներ չարվեն և մշտապես աշխատանք չտարվի սեփական անձի վրա, ապա ոչ մի հեքիաթ ոչ ձեզ, ոչ էլ ձեր երեխաներին այլևս չի օգնի (կատակում ենք, իհարկե, ինչ-որ չափով կօգնի, բայց շատ քիչ)։
Նյութը պատրաստեց հոգեբույժ-հոգեվերլուծող Ա․ Ն․ Չալիկյանը
Խմբագրեց Նորա Վանյանը