hy
  • en
  • Գլխավոր
  • Օնլայն Դպրոց
  • Ինֆո Սնունդ
    • Գրքեր
    • Հոդվածներ
    • Աֆորիզմներ
    • Մետաֆորներ
    • Սկզբունքներ
    • Մինիմում
    • Սուպերվիզիա
  • GYM
    • Աստղային երկինք
    • Հոգեբանական Տեխնիկաներ
    • Աֆիրմացիաներ
    • Վարժություններ
ԱԿԱԴԵՄԻԱ ԴԻԱԼՈԳ
  • Գլխավոր
  • Օնլայն Դպրոց
  • Ինֆո Սնունդ
    • Գրքեր
    • Հոդվածներ
    • Աֆորիզմներ
    • Մետաֆորներ
    • Սկզբունքներ
    • Մինիմում
    • Սուպերվիզիա
  • GYM
    • Աստղային երկինք
    • Հոգեբանական Տեխնիկաներ
    • Աֆիրմացիաներ
    • Վարժություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ «ԱԼՅԱՆՍ»

Հեղինակ Academy Dialog / 13.03.2023 /

Ցանկացած քիչ թե շատ երկարատև աշխատանքային գործունեություն ենթադրում է մի շարք նախնական պայմանավորվածություններ: Բացառություն չէ նաև հոգեվերլուծական աշխատանքը: Այստեղ խոսքն այցելու-վերլուծող երկարատև համագործակցության պայմանների մասին է: 
Վերլուծական աշխատանքի որակը և արդյունավետությունը պայմանավորող գործոնները բազմազան են: 
Դրանց շարքում, սակայն, կարևոր դեր են խաղում հետևյալ կետերի վերաբերյալ պայմանավորվածությունները և դրանց պահպանումն աշխատանքային փոխհարաբերությունների ողջ ընթացքում․
✅ հանդիպման ձևը և տեղը՝ օնլայն կամ օֆլայն, բջջային կապ, «Սկայպ», «Վայբեր», «Զում» կամ կոնկրետ գրասենյակ, հոգեբանական կենտրոն, կաբինետ, 
✅ օրը և ժամը,
✅ հանդիպման տևողությունը,
✅ հանդիպումների հաճախականությունը,
✅ վճարման կարգը, չափը և ձևը,
✅ բացակայությունների կարգը, 
✅ ուշացումների կարգը,
✅ արձակուրդների կարգը,
✅ համատեղ վերլուծական աշխատանքի ավարտը կամ ընդհատումը,
✅ կողմերի իրավունքներն ու պարտականությունները։
Հոգեվերլուծողն աշխատանքը սկսելիս չպետք է այցելուին երաշխիքներ տա նրա ապաքինման վերաբերյալ: 
Այցելուի (վերլուծվողի) հաջողությունները կախված են բազմաթիվ գործոններից, որոնցից շատերն անկանխատեսելի են և հաճախ կախված չեն ոչ վերլուծողից, ոչ էլ վերլուծվողից: Խոստումներ տալը քեզնից կախում չունեցող գործոնների պարագայում, մեղմ ասած, անշնորհակալ բան է:
Լավագույն դեպքում, վերլուծողը կարող է խոստանալ անել իրենից կախված ամեն ինչ՝ այցելուի ապաքինմանը նպաստելու համար: Մասնագետը կարող է վերլուծվողի ախտորոշումը ճշտելուց հետո հայտնել, թե արդյոք նրա խնդիրները վերլուծական աշխատանքի միջոցով սկզբունքորեն կարգավորվող են: Ցանկացած վերլուծվողի համար սա շատ կարևոր տեղեկություն է:
Հոգեվերլուծողը (ինչպես նաև ցանկացած բժիշկ) պատասխանատու է իր աշխատանքի որակի, այլ ոչ թե արդյունքի համար: 
Եթե մասնագետը երաշխիք է տալիս վերջնական դրական արդյունքի վերաբերյալ կամ նշում է «հաջողության» հասնելու ստույգ վերջնաժամկետ, ապա հնարավոր է, որ նա․
✅ բավարար պատրաստված մասնագետ չէ,
✅ ազնիվ անձնավորություն չէ,
✅ անբավարար պատրաստված անազնիվ մասնագետ է։
Երկու կողմերն աշխատանքի մեկնարկից առաջ և նույնիսկ աշխատանքի ընթացքում չպետք է բարեկամական կամ այլ մտերմիկ հարաբերություններ ունենան: Հակառակ դեպքում դա կարող է խիստ բարդացնել առանց այն էլ բարդ վերլուծական փոխհարաբերությունները, հանգեցնել վերլուծական աշխատանքի որակի կտրուկ անկման, ընդհուպ՝ մինչև ընդհատում: 
Ցանկալի է, որ թերապևտը հետևի իր արտաքին տեսքին: Ցանկալի է, որ այն լինի ո՛չ ընդգծված նորաձև, ո՛չ էլ խիստ հնաոճ: Դա նույնպես կնպաստի «չեզոք-բարյացակամ» վերաբերմունքի պահպանմանը:
Շատ կարևոր է, որ այցելուն նույնպես ձգտի «չեզոք» վերաբերմունք ունենալ վերլուծողի անձի նկատմամբ: 
Բացարձակ առումով դա, իհարկե, անհնար է, սակայն հարկավոր է մշտապես ձգտել դրան և խանգարող բոլոր հույզերն ու զգացմունքները վերլուծել՝ իբրև կարևոր ախտանիշներ: Այդ չեզոքությանը ձգտելու և մշտապես դրան մոտենալու նպատակով ցանկալի է, որ այցելուն և վերլուծողը մշտապես վերլուծեն իրենց «փոխանցումները» (տրանսֆերները):
Աշխատանքի ընթացքում՝ հատկապես առաջին շրջանում, ցանկալի է, որ այցելուն չկարդա հոգեբանական և հոգեթերապևտիկ գրականություն, չդիտի նման բովանդակությամբ ֆիլմեր և խուսափի նման բովանդակությամբ խոսակցություններից և բանավեճերից: Սա կարևոր է, քանի որ այդ ոլորտի ինֆորմացիան, հաճախ շատ նման լինելով այցելուի «ներքին խնդիրներին», միևնույն ժամանակ բոլորովին չի համապատասխանում դրանց: Դա ապակողմնորոշում է այցելուին, բարդացնում և երկարաձգում աշխատանքի ընթացքը: Վերլուծությունը դառնում է ավելի տևական, նվազում է առաջխաղացման ինտենսիվությունը և ավելանում են ֆինանսական ծախսերը: 
Ցանկալի է, որ վերլուծական աշխատանքի ողջ ընթացքում այցելուն չկայացնի իր կյանքի համար շատ կարևոր նշանակություն ունեցող  որոշումներ՝ ամուսնություն, ամուսնալուծություն, աշխատանքային ոլորտի կամ բնակության վայրի կտրուկ փոփոխություն և այլն:
«Ալյանսի» շրջանակում կարելի է խոսել նաև դիմելաձևի, դիստանցիայի և դիստանցիայի դինամիկայի մասին: Նշված թեմաները կներկայացվեն հաջորդ դասախոսություններում:
Վերլուծական աշխատանքի ընթացքում շատ կարևոր է չփոփոխել նախապես ձեռք բերված երկկողմանի համաձայնությունները: Դա հնարավորություն է տալիս ստեղծելու արդյունավետ աշխատանքի համար առավել բարենպաստ պայմաններ՝ այսպես կոչված «աշխատանքային ալյանս»:
Աֆորիզմներ
Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր:
Պայմանը պայման է:
Երբեք մի ասա երբեք:
Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
Պարտքը վճարումով է գեղեցիկ (լատ․)։
Օրենքը խիստ է, սակայն օրենք է (լատ․)։
Բժիշկը բժշկում է, Աստված՝ լավացնում (լատ․)։
Կորցրած ժամանակը հետ չես բերի:
Իմանալ չի նշանակում կարողանալ: 
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը

Կատեգորիա՝ Դասախոսություններ

Թեգեր #հոգեվերլուծական_տեխնիկաներ

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

 
Զանգահարել: +37477123365
Էլ փոստ՝ academydialog.edu@gmail.com

ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ

ԱԿԱԴԵՄԻԱ ԴԻԱԼՈԳ © 2024