hy
  • en
  • Գլխավոր
  • Օնլայն Դպրոց
  • Ինֆո Սնունդ
    • Գրքեր
    • Հոդվածներ
    • Աֆորիզմներ
    • Մետաֆորներ
    • Սկզբունքներ
    • Մինիմում
    • Սուպերվիզիա
  • GYM
    • Աստղային երկինք
    • Հոգեբանական Տեխնիկաներ
    • Աֆիրմացիաներ
    • Վարժություններ
ԱԿԱԴԵՄԻԱ ԴԻԱԼՈԳ
  • Գլխավոր
  • Օնլայն Դպրոց
  • Ինֆո Սնունդ
    • Գրքեր
    • Հոդվածներ
    • Աֆորիզմներ
    • Մետաֆորներ
    • Սկզբունքներ
    • Մինիմում
    • Սուպերվիզիա
  • GYM
    • Աստղային երկինք
    • Հոգեբանական Տեխնիկաներ
    • Աֆիրմացիաներ
    • Վարժություններ

ԵՐԱԶՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հեղինակ Academy Dialog / 13.03.2023 /

Գործնական հոգեվերլուծության գրեթե առաջին օրերից Զիգմունդ Ֆրեյդը կարևորել է երազներն՝ իբրև անգիտակցականի արտահայտում: 1896-ին նա ավարտում է «Երազների վերլուծություն» գիրքը: Շուտով երազների վերլուծությունն իր արդյունավետության շնորհիվ համալրում է հոգեվերլուծական հիմնական տեխնիկաների շարքը, իսկ Ֆրեյդն այն անվանում է «արքայական ճանապարհ դեպի ենթագիտակցություն»: 
Պաշտպանական մեխանիզմներ օգտագործելով՝ հոգեկանն արգելափակում է անցանկալի և ցավոտ հիշողությունների ուղղակի մուտքը գիտակցություն: Սակայն գոյություն ունեն նաև այլ, շատ հետաքրքիր ճանապարհներ՝ նման  հիշողությունները գիտակցությանը մոտեցնելու համար: Դրանցից մեկը երազներն են: Երազներում տհաճ և ցավոտ պատկերներն ու հիշողությունները կերպարանափոխվում են և արտահայտվում խորհրդանիշների (սիմվոլների) տեսքով: Այդպես դրանք  կարողանում են մոտենալ գիտակցությանը։
Երազների վերաբերյալ մեկնաբանություններ պետք է կատարել շատ զգույշ, քանի որ խորհրդանիշների հետևում թաքնված խնդիրները կարող են վերլուծվողի համար այդ պահին դեռ անընդունելի լինել: Ուստի հարկավոր է դրանց գիտակցմանը մարդուն մոտեցնել քայլ առ քայլ: 
Խորհրդանիշերի, ինչպես նաև ախտանիշների վաղաժամ կամ կոպիտ մեկնաբանումները կարող են ունենալ ծանր հոգեբանական, անգամ՝ առողջական հետևանքներ: Նման մոտեցումը կոչվում է «վայրի հոգեվերլուծություն»: Այն կարող է հանդիպել սկսնակ և ոչ լիարժեք վերլուծված մասնագետների մոտ: Բարեբախտաբար, այս երևույթը հոգեվերլուծողների պրակտիկայում հանդիպում է շատ հազվադեպ:
Երազների մեկնաբանությունները հարկավոր է (ամեն տվյալ պահին) կատարել այնպիսի ինտենսիվությամբ և խորությամբ, որպիսին այցելուն պատրաստ է: 
Փորձի ձեռքբերման հետ մեկտեղ՝ վերլուծողը կարողանում է առավել ստույգ որոշել այցելուի՝ «մեկնաբանությունների տանելիության» աստիճանը: 
Երազները մարդու գլխուղեղի, նրա կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի անբաժան մասն են: Դրանք հիմնականում տեղի են ունենում, երբ մարդը քնած է: Երազային պատկերներ կարող են նկատվել «ֆազային» կոչված վիճակներում, երբ մարդը դեռ չի քնել ամբողջությամբ, կամ դեռ չի արթնացել ամբողջությամբ: Դրանք քնի մեջ մտնելու և արթնանալու պրոցեսներն ուղեկցող երևույթներ են: 
Բուն քունը տեղի է ունենում նշված «ֆազային» վիճակների միջև և բաղկացած է փուլերից, որոնք տևում են 1,5-ից 2 ժամ: Ամեն փուլն, իր հերթին, կազմված է երկու մասից՝ «դանդաղ» և «արագ» (պարադոքսալ): «Դանդաղ» ֆազան երկարատև է, իսկ «արագը»՝ շատ կարճատև: Մարդը կարող է տեսնել երազներ միայն քնի «արագ» ֆազայում:
Այսպիսով՝ ցանկացած մարդ, որը գոնե 1,5-ից 2 ժամ քնում է, անպայման երազ է տեսում: Սակայն կարող է այն չհիշել: 
Երազը չհիշելու պատճառներից մեկն, օրինակ, այն է, որ այն անցանկալի տեղեկություններ է պարունակում:
Երազներն, ըստ իրենց էության, լինում են բազմատեսակ․
1) երազներ օրվա կատարվածի վերաբերյալ,
2) երազներ չբավարարված ցանկությունների վերաբերյալ,
3) հաճախակի կրկնվող երազներ, որոնք կամ դոմինանտ-գերիշխող գաղափարի արտահայտում են, կամ նախկինում տարած հոգեկան տրավմաների (ՀՏՍԽ) հետևանք են,
4) երազներ, որտեղ մարդը պատրաստվում է ապագա իրադարձություններին (կարևոր հանդիպում, քննություն․․․),
5) երազներ, որտեղ մարդը խորհրդանիշերի ձևով տեսնում է այն, ինչն ուղղակիորեն տեսնել դեռ պատրաստ չէ,
6) ախտորոշիչ,  կամ պրոգնոստիկ  բնույթի երազներ,
7) այլ։
Երազում տեսած տեղեկությունները, դեպքերը, խորհրդանիշները կարող են ունենալ բազմաթիվ իմաստներ: Օրինակ՝ նույն մարդու մոտ նույն խորհրդանիշը տարբեր երազներում կարող է տարբեր իմաստներ ունենալ: Ուստի՝ մեկնաբանելիս հարկավոր է լինել ուշադիր՝ ձգտելով յուրաքանչյուր անգամ ցուցաբերել անհատական մոտեցում:
Աֆորիզմներ
Սոված հավը երազում կորեկ է տեսնում:
Կրկնությունը գիտության մայրն է:
Երազելը վնասակար չէ:
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում:
Երազները երբեմն իրականանում են:
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը

Կատեգորիա՝ Դասախոսություններ

Թեգեր #հոգեվերլուծական_տեխնիկաներ

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

 
Զանգահարել: +37477123365
Էլ փոստ՝ academydialog.edu@gmail.com

ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ

ԱԿԱԴԵՄԻԱ ԴԻԱԼՈԳ © 2024