Հոգեկանը խնամքի կարիք ունի

Հոգեկանը խնամքի կարիք ունի

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐԹՈւՂԱՅԻՆԻ» ՈւՂԵՎՈՐՆԵՐԸ, ԿԱՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՆ՝ ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑԻ ՏԱԿ Ընտանիքը տարբեր անցյալով, տարբեր բնավորություններով, արժեքներով և անձնային խնդիրներով մարդկանց խումբ է: Ճակատագրի բերումով կոնֆլիկտի՝ մեկ տանիքի տակ հավաքված մասնակիցները երբեմն բախվում են ընտանեկան հոգեթերապևտների քննադատությանն ու ավտորիտար մոտեցմանը: Բոլոր մարդիկ և բոլոր ընտանիքները տարբեր են: Ընտանեկան կոնֆլիկտը դրա յուրաքանչյուր մասնակցի անձնային խնդիրների արդյունք է: Ամեն ինչ միախառնելը, որևէ մեկին առանձնացնելը կամ մեղադրելն, ինչ-որ միջինացված խորհուրդներ տալը թերապիա չէ: Իրականում, ընտանեկան թերապիայի յուրաքանչյուր մասնակից ունի ընտանեկան կոնֆլիկտի իր ուրույն պատճառները: Օրինակ, ընտանիքի՝ հուզականորեն ոչ հասուն, բռնկուն հոր խնդիրները գալիս են նրա մանկությունից, որտեղ ձևավորվել է նրա բնավորությունն ու նմանատիպ իրավիճակներին արձագանքի ձևերը: Փնթփնթան կինն այն կոնֆլիկտային «աղջիկն» է, որը 5-6 տարեկանում արդեն կռվարար էր, փորձում էր իր ձևով պաշտպանել իր մանկական «ես»-ն և այժմ մեծացել է, բայց դեռևս չի կարողանում ազատվել բնավորության համապատասխան գծերից։ Ընտանեկան կոնֆլիկտը խորապես՝ բազային մակարդակում լիարժեք լուծելու համար անհրաժեշտ է, որ կոնֆլիկտի յուրաքանչյուր կողմը գտնի և լուծի տվյալ կոնֆլիկտի իր բաժինը։ Մարդասիրական տեսանկյունից ցանկալի չէ ընտանիքի անդամներից մեկի մանկության խնդիրները քննարկել մյուսների ներկայությամբ։ Լավ է դա անել անհատական թերապիայի շրջանակում։ Կոնֆլիկտի մեջ մարդու «սխալ» վարքագիծը նշելն, առանց հաշվի առնելու դրա չգիտակցված արմատները, առնվազն խելամիտ չէ։ «Մեղավորի» սխալները մատնանշելու փոխարեն հոգեթերապիան պետք է ձգտի նրբորեն մարդուն բերել դեպի իր խնդիրների, դրանց ներանձնային պատճառների և լուծման ուղիների գիտակցում, այլ ոչ թե «նրան ճիշտ ուղի ցույց տա»։ Խորհուրդներ և գնահատականներ տալը բարձրակարգ հոգեթերապևտների կողմից, մեղմ ասած, չի ողջունվում։ Ի վերջո, անհնար է որակյալ ձևով լուծել ընտանեկան կոնֆլիկտն՝ առանց լուծելու ընտանիքի անդամների ներանձնային հոգեբանական խնդիրները։ Հակառակ դեպքում՝ ընտանեկան հարաբերություններում հավասարակշռությունը կլինի անկայուն և առաջին իսկ փորձության ժամանակ կրկին կխախտվի։ ©️Նյութը պատրաստեց հոգեբույժ-հոգեվերլուծող Ա․ Ն․ Չալիկյանը Խմբագրեց Նորա Վանյանը