Ինչպե՞ս օգտվել
Մեդիտացիայի մեթոդ՝ «Աստղային երկինք» պատկերի միջոցով
Ի՞նչ է սա
«Աստղային երկինք»-ը տեսողության միջոցով ուշադրությունը շեղելու պարզ տեխնիկա է։ Միաժամանակ այս տեխնիկան հնարավորություն է տալիս Ձեր ուշադրությունը մարզել։ Համացանցում կան բազմաթիվ նման տեխնիկաներ, որոնցից առավել ճանաչված է «Շուլտեի աղյուսակը»։ Ներկայացվող տեխնիկան իր էությամբ ավելի պարզ է և կատարման առումով՝ ավելի հեշտ։ Դուք նայում եք աստղային երկնքի պատկերին և հերթով հայացքը տեղափոխում եք մի աստղից մյուսին։ Խնդիրն ուշադրությունը զբաղեցնելն է շատ պարզ գործողությամբ, որպեսզի մի քանի րոպեով այն շեղվի մտքերի հոսքից, ներքին երկխոսություններից, տագնապային սևեռվածություններից ու մտավոր լարվածությունից։
Ե՞րբ է տեխնիկան հարմար
Մեթոդը կարող է օգտակար լինել, երբ Դուք`
- հոգնել եք սթրեսներից և ինֆորմացիոն ծանրաբեռնումներից;
- հոգնել եք կպչուն ներքին երկխոսությունից;
- ցանկանում եք արագ և հնարավորինս անհետևանք շեղվել նեգատիվ ինֆորմացիայից կամ տագնապային մտքերից;
- զգում եք գերծանրաբեռնվածություն, մտավոր լարվածություն, հոգնածություն;
- ցանկանում եք ուշադրության և նյարդային համակարգի համար կարճ «դադար» վերցնել։
Քանի՞ րոպե կարելի է անել
Ընտրեք երեք տարբերակներից մեկը`
- 1 րոպե՝ գերծանրաբեռնվածության արագ թեթևացում;
- 3 րոպե՝ ավելի խորքային հանգստացում;
- 5 րոպե՝ մարզման ռեժիմ։
Ինչպե՞ս կատարել
- Նստեք հարմար դիրքով։ Մեջքը պահեք հանգիստ՝ առանց ավելորդ լարվածության։
- Բացեք «Աստղային երկինք» պատկերը։
- Նայեք ցանկացած աստղի և պահեք հայացքը մոտավորապես 1 վայրկյան։
- Այնուհետև տեղափոխեք հայացքը մեկ այլ աստղի վրա։
- Հետո՝ հաջորդ աստղի վրա։
- Շարունակեք կամայական հերթականությամբ՝ առանց պատկերի շրջանակից դուրս գալու։
- Եթե հայացքը պատահաբար դուրս գա պատկերի սահմաններից՝ կրկին վերադարձրեք այն։
- Ձեր խնդիրն է՝ մշտապես զբաղված լինել միայն մեկ գործողությամբ՝
- «Ընտրեցի աստղը, պահեցի հայացքս մի ակնթարթ, տեղափոխեցի հայացքս մի որևէ հաջորդ աստղի վրա»։
- Շարունակեք 1, 3 կամ 5 րոպե։ Ցանկալի է մեկ-երկու օր փորձել տեխնիկան մեկական րոպե։ Դրական փորձառության դեպքում կարող եք աստիճանաբար ավելացնել ժամանակը մինչև հինգ րոպե։
Գլխավոր կանոն
Պետք չէ վերլուծել, գնահատել, հիշել, մեկնաբանել։
Պետք է միայն՝
- նկատել աստղը,
- պահել հայացքը,
- տեղափոխել հայացքը։
Ի՞նչ անել մտքերի հետ
Եթե մտքերն այնուամենայնիվ հայտնվում են, նորմալ է։ Մի վիճեք դրանց հետ և մի փորձեք ուժով կանգնեցնել։ Պարզապես վերհիշեք կանոնը՝
մեկ աստղ, մեկ պահ, անցում հաջորդ աստղին։
Ի՞նչ կարելի է զգալ
- մտային աղմուկից ժամանակավոր թեթևացում,
- ներքին դադարի զգացում,
- թեթև հանգստություն,
- անցանկալի խնդրի վրա սևեռվածության նվազում,
- գլուխը թեթևանալու զգացում։
Ի՞նչ պետք չէ սպասել
Այս տեխնիկան պարտավոր չէ լուծել խորքային կենսական կամ հոգեբանական խնդիրները։ Դրա նպատակը ավելի համեստ և օգտակար է՝
ուշադրությանը տալ պարզ և անվտանգ միջոց՝ շեղվելու և հանգստանալու համար։
Ե՞րբ լավ կլինի օգտագործել
- առավոտյան՝ օրը սկսելուց առաջ,
- գործերի միջև դադարի ժամանակ,
- գերծանրաբեռնված զրույցից հետո,
- մի թեմայի վրա սևեռվելու դեպքում,
- հանգստից առաջ,
- երբ անհրաժեշտ է արագ «դուրս գալ սեփական գլխից» և վերադառնալ ներկա։
Տիպիկ սխալներ
- Փորձել կատարել չափազանց արագ,
- հատուկ ընտրել «ճիշտ» աստղեր,
- ինքներդ ձեզ նախատել մտքեր ունենալու համար,
- սպասել ակնթարթային «հատուկ վիճակի»,
- տեխնիկան վերածել քննության։
Ինչպե՞ս ստանալ լավագույն արդյունքը
- կատարեք կանոնավոր՝ օրական 1–2 անգամ;
- սկսեք 1 րոպեից, ապա անցեք 3–5 րոպեի;
- օգտագործեք տեխնիկան նաև նախքան գերծանրաբեռնվածությունը, այլ ոչ միայն ամենածանր պահին;
- ավարտելուց հետո հանգիստ նստեք ևս 10–15 վայրկյան։
Կարևոր է
Մի՛ օգտագործեք տեխնիկան մեքենա վարելիս, մեխանիզմների հետ աշխատելիս և ցանկացած իրավիճակում, որտեղ անհրաժեշտ է մշտապես հետևել շրջակա իրավիճակին։ Եթե պատկերը, աստղերի թարթելն, աչքերի լարվածությունը կամ հայացքի կտրուկ տեղափոխումը ձեզ մոտ առաջացնում են անհարմարություն կամ տհաճ զգացողություններ՝ կա՛նգ առեք և մի՛ շարունակեք։
Այս պրակտիկան չի փոխարինում բժշկական կամ հոգեթերապևտիկ օգնությունը, սակայն կարող է լինել ինքնօգնության կարճաժամկետ լավ գործիք՝ հանգստանալու նպատակով։
Եթե բժշկի ցուցման համաձայն՝ ձեզ չի կարելի մտավոր և տեսողական լարվածություն պահանջող գործունեությամբ զբաղվել, ապա այս տեխնիկան կիրառելուց առաջ անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ։