Հոգեկանը խնամքի կարիք ունի
ԵՐԿՈՒ ՕՐԵՆՔ՝ ԵՐԿՈՒ ՀԵՆԱՍՅՈՒՆ՝ հասուն և երջանիկ երեխա դաստիարակելու համար Ինչպես հայտնի է, գոյություն ունի երեխաների դաստիարակության երկու «ոսկե օրենք». ծնողները, նախ, պետք է ձգտեն երջանիկ լինել և երեխային տան ինքնուրույնություն ու պատասխանատվություն՝ նրա տարիքին և հնարավորություններին համապատասխան։ Այս պարզ, բայց շատ արդյունավետ սկզբունքների հեղինակներն են հոգեբան ամուսիններ՝ Ռոբերտ և Ջին Բայարդները։ Ստորև ներկայացնում ենք այդ օրենքների կիրառման իրական դրական հետևանքները։ Առաջին օրենք. երջանիկ մայր՝ երջանիկ երեխա • Ծնողի, հատկապես մոր երջանկությունը, շքեղություն չէ, այլ երեխայի հուզական և հոգեբանական առողջության համար անհրաժեշտ պայման։ • Երբ երեխան տեսնում է երջանիկ ծնող, նա ենթագիտակցական մակարդակում իրեն թույլ է տալիս երջանիկ լինել՝ առանց մեղքի զգացման։ • Երջանիկ մայրը բավարարված մայրն է։ Երեխան ստիպված չէ ստանձնել «փրկչի» կամ «փոխհատուցողի» դեր և մտածել, թե ինչպես բավարարել մոր հուզական պահանջները։ • Երջանիկ մայրն ավելի քիչ անհանգստություններ, հետևաբար՝ ավելի քիչ ակնկալիքներ և «տրանսֆերային» պահանջներ ունի երեխայից, որոնք պայմանավորված են իր՝ մոր ներքին ենթագիտակցական կոնֆլիկտներով։ • Նա հասուն անձի օրինակ է, որը կարող է հաջողությամբ հաղթահարել կյանքի դժվարությունները, և երեխան սովորում է ապավինել այդ օրինակին։ • Երեխան հպարտանում է մորով, զգում է, որ նա կարողանում է հաջողությամբ հաղթահարել կյանքի դժվարությունները։ Դա երեխային տալիս է դրական օրինակ և ներքին հենարան է դառնում։ • Նվազում է ցանկությունը «միջամտելու» ծնողների գործերին՝ ուշադրություն ստանալու համար։ Այսպիսով՝ խզվում է անտեսանելի «վիրտուալ պորտալարը»։ • Երջանիկ կինն ավելի գիտակցված է վերաբերվում մայրությանն ու կարողանում է ավելի լավ բավարարել երեխայի հիմնական կարիքները՝ չմոռանալով իր մասին։ Մոր իրական երջանկությունն էգոիզմ չէ, այլ հիանալի ներդրում երեխայի ապագայի մեջ։ Երկրորդ օրենք. ազատությունն ամենաթողություն չէ, այլ՝ աճելու միջավայր Իրական ազատությունը դաստիարակության մեջ ոչ քաոս է և ոչ էլ անարխիա, այն վստահության և հարգանքի ձև է երեխայի անձի նկատմամբ։ • Ազատությունը չի բացառում պատասխանատվությունը։ Եթե երեխան խաղ է խաղացել, ապա ինքն է հավաքում խաղալիքները։ Սա ձևավորում է սկսած գործն ավարտելու և հետևանքներն ուրիշների վրա չգցելու հմտություն։ • Ազատությունը թույլ է տալիս ինքնաիրացվել՝ չդառնալով ծնողների չկատարված ամբիցիաների «անավարտ գեշտալտ»։ • Այն տալիս է սխալվելու իրավունք, դա էլ՝ զարգացման հնարավորություն։ Սխալվում է նա, ով փորձում և գործում է։ • Ազատության մթնոլորտում երեխան սովորում է վերլուծել, համեմատել, եզրակացություններ անել, զարգացնում է քննադատական մտածողությունը։ • Միայն ազատության մեջ է հնարավոր իսկապես ընտրություն անել՝ մարզելով կամքի ազատությունը՝ մարդու բնածին կարողությունը։ • Երեխան կուտակում է սեփական փորձը, սովորում է վստահել իրեն, դառնում է ավելի ստեղծագործ և ինքնուրույն։ • Ազատությունը ձևավորում է իրական պատասխանատվություն, այլ ոչ թէ՝ վախից բխող հեզություն։ • Միայն ազատության մեջ է հնարավոր իսկական սեր և հարգանք՝ առանց ձուլման, առանց վերահսկողության, ընդունելով ուրիշի բացառիկությունը։ Ազատությունը սահմաններից հրաժարում չէ։ Դա վստահություն է այն ներքին առանցքի նկատմամբ, որը մենք երեխային օգնում ենք ձևավորել և զարգացնել։ ©️Նյութը պատրաստեց հոգեբույժ-հոգեվերլուծող Ա․ Ն․ Չալիկյանը Խմբագրեց Նորա Վանյանը