Հոգեկանը խնամքի կարիք ունի
ԱՐԴՅՈ՞Ք ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՆԱՐԱՎՈՐ Է «ՇԱՀ» ՈՒՆԵՆԱԼ Մենք բոլորս գիտենք, որ հիվանդ լինելը վատ է, իսկ առողջ լինելը՝ լավ։ Սա տրամաբանական է։ Բայց այդ դեպքում ինչպե՞ս կարող են հիվանդություններն ու ախտանիշները շահեկան լինել հիվանդի համար։ Այստեղ խոսքը գնում է «մակարդակների» մասին, որոնցում տեղի են ունենում օրգանիզմի պաշտպանական գործընթացները։ Գոյություն ունեն պաշտպանական հարմարվողական (ադապտացիոն) մեխանիզմներ, որոնք օգնում են օրգանիզմին հարմարվել արտաքին և ներքին միջավայրերի փոփոխություններին։ Եթե հարմարման փոփոխությունների ամպլիտուդը չի գերազանցում այս կամ այն օրգան-համակարգի (օրինակ՝ սրտանոթային կամ ստամոքս-աղիքային) ընդունված նորմալ ցուցանիշների սահմանները, ապա խոսում են օրգանիզմի նորմալ հարմարվողական ռեակցիայի կամ պատասխանի մասին։ Իսկ եթե հարմարման ընթացքում խախտվում են օրգանիզմի կարևոր ֆունկցիաները, ապա խոսում են հարմարման ախտաբանական ձևի մասին։ Երկու դեպքում էլ տեղի է ունենում հարմարում, և եթե նորմալ հարմարումը չի գործում, լավ է, որ գոնե ախտաբանականը կա։ Սա, իհարկե, լավ չէ, բայց նշանակում է, որ օրգանիզմն ինչ-որ ախտաբանական մակարդակում կարողացել է հավասարակշռություն գտնել, թեև դրա դիմաց «վճարել է» օրգանիզմի ֆունկցիոնալության որոշակի կորուստներով։ Ստեղծվել է խնդրի ավելի լավ, եթե հնարավոր է, նաև վերջնական լուծում գտնելու հնարավորություն։ Պաթոլոգիաներից ստացվող այսպիսի «շահերը» նկարագրված են նաև հոգեբանության մեջ։ «Շահ հիվանդությունից» հասկացության ներմուծումը վերագրվում է Զիգմունդ Ֆրեյդին, թեև նա ինքը նշել է, որ նևրոտիկ ախտանիշի իմաստների մասին իրենից առաջ խոսել են Յոզեֆ Բրեյերը և Պիեռ Ժանեն։ Այսօր առանձնացնում են «առաջնային» և «երկրորդային շահ»։ «Առաջնային շահ» ասելով՝ հասկանում են հոգեկան լարվածության նվազումը պաթոլոգիական ախտանիշի առաջացման հաշվին։ Օրինակ՝ սևեռուն վիճակների ժամանակ ցանկության և բարոյական արգելքի՝ «Էգոյի» և «Սուպեր էգոյի» միջև ներքին կոնֆլիկտից առաջացած քրոնիկական լարվածությունը գուցե հանգեցներ օրգանիզմի բոլոր օրգանների և համակարգերի խանգարումների և, ի վերջո, մահվան։ Դրա փոխարեն առաջանում է որևէ սևեռուն գործողություն, ախտանիշ, որն, իհարկե, նույնպես անհանգստացնում է մարդուն, բայց այնքան մշտական չէ և, որ ավելի կարևոր է, այնքան «մահացու չէ», որքան մշտական հոգեկան լարվածությունը։ Երկրորդային շահն, ի տարբերություն առաջնային շահի, չի հանգեցնում ախտանիշների առաջացման։ Այն ազատում է մարդուն իր որոշ պարտականություններից կամ նպաստում, որ նա որոշակի սոցիալական արտոնություններ ստանա։ Պարզ օրինակ մարմնական հիվանդությունների շարքից՝ կոկորդս ցավում է՝ դպրոց չեմ գնա։ Մեկ այլ օրինակ է մարդու վարքագիծն ագորաֆոբիայի՝ բաց տարածություններից վախի ժամանակ, սա արդեն հոգեախտաբանության ոլորտից է․ թող մեկ ուրիշը գնա խանութ իմ փոխարեն։ Այսպիսով՝ երկրորդային շահը կարող է նպաստել հիվանդության կամ հիվանդագին վիճակների ամրապնդմանը։ Մարդը սովորում է «հեշտ կյանքին», որի ընթացքում չի կատարում կամ ոչ լրիվ ծավալով է կատարում իր հոգեսոցիալական պարտականությունները։ Եզրակացություն Առաջնային շահը կարևոր հասկացություն է նևրոզների տեսության և կլինիկայի մեջ։ Այն օգնում է հասկանալ, թե ինչպես են ախտանիշները որոշակի ֆունկցիաներ կատարում հիվանդի կյանքում։ Առաջնային շահի մասին իմացությունը մասնագետներին թույլ է տալիս մշակել բուժման ավելի թիրախային և արդյունավետ մեթոդներ։ Երկրորդային շահը ոչ պակաս կարևոր ասպեկտ է նևրոզաբանության մեջ։ Երկրորդային շահի գործողության մեխանիզմների իմացությունն օգնում է հասկանալ, թե ինչու են որոշ ախտանիշներ այդքան երկար պահպանվում՝ չնայած պատշաճ բուժմանը, և ինչպես կարելի է ավելի արդյունավետ աշխատել դրանց հաղթահարման ուղղությամբ։ ©️Նյութը պատրաստեց հոգեբույժ-հոգեվերլուծող Ա․ Ն․ Չալիկյանը Խմբագրեց Նորա Վանյանը