ՄԵՐ ԾՆՈՂՆԵՐԻ ՆԵՎՐՈԶՆԵՐԸ (մաս I)
Այսօր վստահաբար հայտնի է, որ նյարդային խանգարումները ծագում են վաղ մանկական տարիքում, երբ երեխան առնչվում է իր «նշանակալից» մեծահասակների հետ: Բացառիկ դեպքերում այդ մեծահասակները կարող են լինել տատիկները, պապիկները, մորաքույրները կամ դաստիարակները: Մեծ մասամբ «նշանակալից» մեծահասակները երեխաների ծնողներն են, հիմնականում՝ մայրերը:
Մայրն ու երեխան շատ լավ միմյանց հասկանում են բնազդային մակարդակում: Նրանք, ֆիզիկական առումով արդեն բաժանված լինելով, դեռ հիշում և կարոտում են այն կյանքը, երբ մեկ ամբողջություն էին:
Հետևաբար՝ երեխայի վաղ տարիքում, երբ նրան անհրաժեշտ է խնամել, կրծքով կերակրել, լվացումներ անել և լողացնել, բարուրել, շրջակա աշխարհին ծանոթացնել, քայլել և խոսել սովորեցնել, մայրերի դերը շատ մեծ է:
Անկասկած, կան շատ լավ հայրեր, որոնք ակտիվ մասնակցում են երեխայի խնամքին և դաստիարակությանը, սակայն նրանց հիմնական պարտականություններն են ընտանիքի նյութական ապահովությունը, բնակարանային և անվտանգության հարցերը, երիտասարդ ընտանիքի սոցիալական խնդիրների լուծումը:
Ծնողներն իրենց երեխաներին փոխանցում են ամենալավն, ինչ ունեն, գիտեն ու կարողանում են: Ցավոք, դրական հատկանիշների հետ միասին, նրանք հաճախ իրենց երեխաներին ենթագիտակցաբար փոխանցում են նաև սեփական անհանգստությունները, վախերը և բացասական սոցիալական դիրքորոշումները:
Նման նեգատիվ և անճիշտ պատկերացումներն աշխարհի և սեփական անձի վերաբերյալ, որոնք երեխան ստանում է վաղ մանկական տարիքում հիմնականում՝ ծնողներից, տարիների ընթացքում հանգեցնում են բազմաթիվ խնդիրների, թյուրըմբռնումների առաջացման։
Դրանք էլ բերում են գերհոգնածության, նյարդային համակարգի քրոնիկական գերլարման, հուզական այրման, իսկ այդ ամենի անտեսման պարագայում՝ բազմաթիվ հոգեկան և հոգեմարմնական խանգարումների (հոգեկանի չլուծված խնդիրներից առաջացող մարմնական հիվանդություններ՝ ինֆարկտ, ինսուլտ, բրոնխիալ ասթմա, հիպերտոնիա, ստամոքսի խոց, վահանաձև գեղձի խանգարումներ, երկրորդ տիպի շաքարային դիաբետ և այլն)։
Ի՞նչ կարելի է անել
Առաջին հերթին՝ հարկավոր է օգնել ծնողներին և նրանց, ովքեր պատրաստվում են դառնալ ծնող։
Մինչև երեխայի ծնունդը հարկավոր է նրանց հնարավորություն ընձեռել՝ անցնելու հոգեբանության, ծնողավարության և երեխաների վաղ տարիքային հասակի դաստիարակության հիմունքներին վերաբերող ամբողջական որակյալ դասընթացներ, լսելու դասախոսություններ, մասնակցելու համապատասխան սեմինարների։ Դրանք պետք է վարեն հատուկ պատրաստվածություն ունեցող բարձրորակ մասնագետներ։
Բացի այդ՝ որակյալ մայր և հայր լինելու համար նախ և առաջ հարկավոր է հասկանալ և կարգավորել սեփական հույզերը, սեփական հոգեբանական խնդիրները։ Ծնող դառնալն այդքան էլ դժվար գործ չէ, դժվարը լավ մայր և հայր լինելն է։ «Ծնող» հասկացությունը հարկավոր է խստորեն տարանջատել «մայր» և «հայր» հասկացություններից։ Հակառակ դեպքում՝ ամեն մի երեխա ունեցող իրեն սուբյեկտիվորեն համարում է լավ մայր և հայր։
Մետաֆորիկ համեմատությամբ՝ ամեն մեքենա ունեցող դեռ վարորդ չէ, այն էլ՝ լավ։ Մեքենա վարելու համար անհրաժեշտ է ստանալ վարորդական իրավունք՝ հանձնելով տեսական և գործնական բարդ քննություններ։ Ծնող դառնալու համար ոչ գիտելիք է պարտադիր, ոչ էլ երեխա դաստիարակելու ունակություններ։
Հետաքրքիր է պետական կառույցների դերը այս հարցում։ Կարծես թե, արժանապատիվ մարդկանց ծնունդն ու դաստիարակությունն այնքան էլ կարևոր չէ, որպեսզի դրա վերահսկումն իրականացնի պետությունը: Մանկապարտեզներն ու դպրոցները զբաղվում են երեխաներով, երբ նրանց անձերի հիմնական գծերը, արժեքներն ու դիրքորոշումներն արդեն իսկ ձևավորվել են ընտանիքներում մինչև երեխայի 3 -7 տարեկան հասակը:
Եթե մսուր-մանկապարտեզներում դեռ որևէ բան կարելի է անել երեխաների դաստիարակման հարցում՝ ունենալով հոգեբանական առումով պատրաստված մասնագետներ, ապա դպրոցներում դա անելը շատ ավելի դժվար է։ Մեկ ուսուցչին բաժին է ընկնում 30-40 երեխա, դա արդեն իսկ թյուրիմացություն է։ Սոցիալական հոգեբանության կանոնների համաձայն՝ սոցիալական, այսպես կոչված, փոքր խմբերը, որտեղ կարող է տեղի ունենալ որակյալ ուսումնական գործընթաց, կազմված են 8-12 մասնակցից, այլ ոչ թե 20–30 կամ 40 հոգուց։
Ինչպե՞ս կարող է ուսուցիչը, որին ոչ ոք չի օգնել իր սեփական հոգեբանական խնդիրները լուծել, որակյալ դաս անցկացնել, ասենք, 30 աշակերտի հետ, երբ նրա արջև դրված են միաժամանակ մի շարք խնդիրներ՝ նախորդ դասը ստուգել, նոր դաս ներկայացնել, բազմատեսակ ընտանիքներում ձևավորված շատ տարբեր հոգեկերտվածք, բնավորության գծեր, արժեքներ, վարք և դիրքորոշումներ, տարբեր գիտելիքային և ինտելեկտուալ մակարդակներ ունեցող երեխաների վարքը վերահսկել և հնարավորինս կարգավորել, այն էլ՝ 45 րոպեում։
Նշենք, որ ինչպես ուսուցիչներն, այնպես էլ ծնողներն անթերի չեն, անթերի մարդ չկա։ Սակայն վստահաբար կարելի է ասել, որ նրանց ճնշող մեծամասնությունը ցանկանում է անել հնարավոր ամեն լավ բան երեխաների համար:
Ծնողները երեխաներին փոխանցում են իրենց լավագույն գիտելիքներն ու փորձը՝ տագնապների, վախերի և աշխարհընկալման տարբեր մոդելների հետ միասին։ Թե դրական, և թե բացասական առումներով ծնողները մեծ ազդեցություն են ունենում երեխաների փխրուն հոգեկանի վրա՝ կերտելով նրանց ապագան:
Նյութը պատրաստեց հոգեբույժ-հոգեվերլուծող Ա․ Ն․ Չալիկյանը
Խմբագրեց Նորա Վանյանը