ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿԸ, ՆՐԱ ՄԱՅՐՆ ՈՒ ՖՐԵՅԴՅԱՆ ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Сохранить

Сохраните, чтобы прочитать позже

Войдите или создайте бесплатный аккаунт, чтобы хранить случаи, статьи и книги в одном месте.

Этот текст доступен только на армянском.

Ծնողների` հատկապես մոր դերը երեխայի անձի ձևավորման մեջ անգնահատելի է: Շառլ Պերրոյի «Կարմիր գլխարկ» հեքիաթում դրսևորվող ծնող-երեխա հարաբերությունների և հեքիաթի հոգեվերլուծական խորքային իմաստների մասին կարդացեք ստորև։ 

Հեքիաթի սյուժեն՝ հակիրճ

Կար-չկար մի աղջիկ կար, որին անվանում էին Կարմիր գլխարկ: Նա կենսուրախ էր, բարի և հետաքրքրասեր, բայց՝ ոչ շատ ուշադիր։ Կարմիր գլխարկի մայրը բարյացակամ կին էր, բայց տնային գործերը նրան թույլ չէին տալիս շատ ժամանակ անցկացնել դստեր հետ: Մի օր, երբ աղջիկը անտառի միջով գնում է տատիկին տեսնելու, մայրն, անհանգստանալով դստեր անվտանգության համար, նրան խստորեն պատվիրում է չշեղվել արահետից և չխոսել անծանոթների հետ։

Անտառում Կարմիր գլխարկը հանդիպում է նենգ Գայլին, որն իմանալով աղջկա ճանապարհի մասին, նրան առաջարկում է ծաղիկներ հավաքել տատիկի համար: Կարմիր գլխարկը, մոռանալով մոր պատվիրանները, շեղվում է արահետից: Մինչ նա վայելում էր անտառի գեղեցկությունը, Գայլը շտապում է տատիկի տուն, կուլ տալիս նրան և զբաղեցնում նրա տեղը: Երբ Կարմիր գլխարկը գալիս է, անմիջապես գլխի չի ընկնում, որ ինչ-որ բան այն չէ։ Գայլը փորձում է խոսել նրա հետ տատիկի անունից, բայց, ի վերջո, բացահայտում է իր իսկական մտադրությունները: Աղջիկը վախենում է, բայց արդեն ուշ էր. Գայլը նրան էլ է կուլ տալիս:

Նույն պահին անտառում որսորդը, լսելով տարօրինակ ձայներ տատիկի տնից, շտապում է օգնության, կտրում Գայլի փորը և ազատում տատիկին և Կարմիր գլխարկին: Նրանք ողջ են մնում, բայց այս պատմությունը խորը հետք է թողնում նրանց սրտերում:

Հոգեբանական վերլուծություն 

Այս հեքիաթը ոչ միայն պատմություն է անտեղյակության և վտանգի մասին, այլ նաև կարևոր դաս է մայրերի և երեխաների համար։ Կարմիր գլխարկի մայրը, լինելով հոգատար, բայց անհանգիստ կին, չի կարողանում դստերը բավարար վստահություն և հմտություններ տալ, որպեսզի նա կարողանա ինքնուրույն պաշտպանվել կյանքի վտանգներից: Մայրը սահմանափակվում է միայն նախազգուշացումներով՝ դստերը չսովորեցնելով ինքնուրույն ճանաչել ներքին և արտաքին վտանգները:

Գայլը հեքիաթում խորհրդանշում է մարդկային հոգեբանության և կյանքի մութ կողմերը: Նա այն չգիտակցված վախերն ու ցանկություններն են, որոնք կարող են մեզ տիրել, եթե չսովորենք հասկանալ և վերահսկել դրանք: Երբ Կարմիր գլխարկը շեղվում է արահետից, որը խորհրդանշում էր ապահով և հայտնի ճանապարհը, հանդիպում է անհայտին և վտանգավորին, ինչին պատրաստ չէր:

Կարմիր գլխարկի պահվածքն արտացոլում է ոչ միայն նրա անփորձությունն, այլև այն զգացմունքային աջակցության և ըմբռնման պակասը, որը կարող էր լրացնել մայրը:

Որսորդն այն արտաքին ուժն է, որն օգնության է գալիս, երբ մարդը չի կարողանում ինքնուրույն հաղթահարել հանդիպած դժվարությունը: Բայց կարևոր է հիշել, որ չի կարելի միշտ ապավինել արտաքին ուժերին. պետք է զարգացնել ներքին ռեսուրսներն ու հմտություններն՝ ինքնուրույն պաշտպանվելու համար: 

Դասեր՝ մայրերի համար

Այս հեքիաթը սովորեցնում է մայրերին, որ կարևոր է ապահովել ոչ միայն երեխաների անվտանգությունն, այլ նաև նրանց հոգեհուզական զարգացումը: Բացի նախազգուշացումներից` մայրերը պետք է օգնեն իրենց երեխաներին հասկանալ, թե ինչպես ճանաչել և արձագանքել վտանգներին: Սա հնարավոր է հուզական ինտելեկտի և ինքնաճանաչման փորձի զարգացման միջոցով:

Կարմիր գլխարկի մայրը կարող էր նաև սովորեցնել նրան տեսնել աշխարհը ոչ միայն վտանգների, այլ նաև հնարավորությունների տեսանկյունից: Սա աղջկան կտար վստահություն և կշռադատված որոշումներ կայացնելու հմտություն:

Ինքնազարգացմամբ զբաղվելով և հասկանալով իրենց անհանգստություններն ու վախերը՝ մայրերը կարող են դառնալ դրական օրինակ իրենց երեխաների համար՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է հաղթահարել ներքին և արտաքին մարտահրավերները: 

Ի վերջո, այս հեքիաթի կարևորագույն դասն այն է, որ աշխարհում կան ինչպես բարի, այնպես էլ չար ուժեր, և ծնողների պարտականությունն է՝ սովորեցնել երեխաներին տարբերել և համագործակցել դրանց հետ: Երեխաների մեջ զարգացնելով ինքնուրույնություն և նրանց տալով բավարար ազատություն՝ ծնողները նրանց կօգնեն զարգանալ իբրև ներդաշնակ և ինքնավստահ անձնավորություններ, որոնք ի վիճակի են կուտակելու արժեքավոր փորձ և հաղթահարելու կյանքում սպասվող բազում գայթակղություններն ու դժվարությունները:

Նյութը պատրաստեց հոգեբույժ-հոգեվերլուծող Ա․ Ն․ Չալիկյանը
Խմբագրեց Նորա Վանյանը

Понравилось? Поделитесь с кем-нибудь.

Сохранить