ԿԱՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱՅԻ ՀԻՄՔ
Этот текст доступен только на армянском.
Ընտանիքը լավագույն վայրն է, որտեղ ամուսինները կարող են միասին ապրել և զարգանալ, և որտեղ դրվում են երեխաների երջանիկ ապագայի հիմքերը: Իսկ եթե ընտանիքին չի հաջողվում հաղթահարել համատեղ կյանքի դժվարությունները, և ամուսինները բաժանվում ե՞ն. տառապում է զույգը, տառապում են երեխաները: Այս և ամուսնալուծությունների հնարավոր պատճառների մասին՝ մեր այսօրվա հոդվածում:
Երեխայի առողջ հոգեկանի ձևավորման գործում կայուն, ջերմ և սիրով լի ընտանեկան հարաբերությունների դերն անգնահատելի է: Ընտանիքը հասարակության հիմքն է, մարդկային կյանքի կարևոր օղակը: Այս մասին շատ է խոսվում տարբեր մակարդակներում, բայց, ցավոք, ընտանիքին դեռևս չի հատկացվում անհրաժեշտ ուշադրություն և աջակցություն:
Այժմ ընտանիքի ինստիտուտի համար լավագույն ժամանակները չեն, այն փորձում է դիմակայել ժամանակակից բազմաթիվ մարտահրավերների: Շատ ընտանիքներ կարողանում են պահպանել իրենց ամբողջականությունը, լավ, գործընկերային հարաբերությունները և ընտանեկան երջանկությունը:
Բայց, ցավոք, շատ են նաև այն ընտանիքները, որոնց չի հաջողվում հաղթահարել համատեղ կյանքում առաջացող խոչընդոտները, և նրանք, ցավոք, բաժանվում են: Տուժում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Իհարկե, ամենաշատը տուժում են երեխաները, որոնց համար թե՛ մայրը, թե՛ հայրը հավասարապես արժեքավոր են և մտերիմ:
Ներկայացնենք ոչ մեծ, բայց բավականին տխուր վիճակագրություն: Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում նկատվում է ամուսնալուծությունների թվի աճ: Ըստ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2013 թվականին գրանցվել է շուրջ 4 800 ամուսնություն և 1 200 ամուսնալուծություն: 2022 թվականին այս թվերն աճել են․ շուրջ 6 000 ամուսնություն և 1 800 ամուսնալուծություն:
Ամուսնալուծությունների վիճակագրությունը այլ, նույնիսկ այնպիսի զարգացած երկրներում, ինչպիսիք են Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան և ԱՄՆ-ն, ավելի անմխիթար է: Ֆրանսիայում, օրինակ, 2022 թվականին ամուսնացել է 200 000 ընտանիք, բաժանվել՝ 140 000-ը:
Ամուսնալուծությունների պատճառները բազմազան են, սակայն ընտանիքների շատ խնդիրներ, որոնք հանգեցնում են ընտանիքի քայքայման, հաճախ նման են: Մենք վերլուծել ենք գործոնները, որոնք ազդում են զույգերի՝ բաժանվելու որոշման վրա: Ստացվել է մոտավորապես այսպիսի պատկեր:
Ընտանիքի ինստիտուտին վնաս հասցնող գործոններ․
1. Ֆինանսական դժվարություններ:
Տնտեսական խնդիրները զգալի ազդեցություն են ունենում ամուսնության կայունության վրա: Ֆինանսական ռեսուրսների պակասը կարող է զույգի համար սթրեսային լինել և կոնֆլիկտների բերել, ինչն էլ մեծացնում է ամուսնալուծության ռիսկը:
2. Շփման բացակայություն:
Կառուցողական երկխոսություն վարելու և կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելու անկարողությունը հարաբերությունների քայքայման հիմնական պատճառներից մեկն է: Բացության և փոխըմբռնման պակասը հանգեցնում է դժգոհության և լարվածության կուտակման:
3. Դավաճանություն և վստահության պակաս:
Դավաճանությունները խարխլում են հարաբերություններում առկա վստահության հիմքերը, ինչը կարող է հանգեցնել ամուսնության քայքայման:
4. Կյանքի նպատակների և արժեքների տարբերություններ:
Եթե ամուսինները անհամատեղելի նպատակներ և կյանքի սկզբունքներ ունեն, դա կարող է դառնալ մշտական կոնֆլիկտների և հարաբերությունների խզման պատճառ:
5. Սոցիալական և մշակութային փոփոխություններ:
Սոցիալական փոխակերպումները և ընտանեկան ավանդական դերերի փոփոխությունը կարող է անորոշություն և լարվածություն մտցնել ընտանեկան հարաբերությունների մեջ:
Ինչպես երևում է բերված տվյալներից, հինգ գործոններից չորսը սոցիալ-հոգեբանական են: Առաջին գործոնը ֆինանսականն է: Սա նշանակում է, որ ընտանիքներին նյութական առումով օգնելը լավ է: Այսօր պետությունն իրականացնում է բազմաթիվ լավ ծրագրեր՝ ուղղված երիտասարդ ընտանիքների, սահմանամերձ շրջաններում բնակվող ընտանիքների, զինծառայողների և այլ տիպի ընտանիքների ֆինանսական աջակցությանը:
Սակայն ավելի շատ խնդիրներ կարող են հաղթահարվել, եթե գրագետ կերպով օգտագործվեն ժամանակակից հոգեբանության նվաճումները:
Ընտանիքի պահպանման գործում մեծ դեր են խաղում «ընտանեկան թիմի» հիմնական «խաղացողները»՝ ամուսինն ու կինը:
Նյութը պատրաստեց հոգեբույժ-հոգեվերլուծող Ա․ Ն․ Չալիկյանը
Խմբագրեց Նորա Վանյանը