Թերապիայի դինամիկայի վրա ազդող գործոնները
Վերլուծելով այցելուին, վերլուծելով ինքներս մեզ

Թերապիայի դինամիկայի վրա ազդող գործոնները

Այս անգամ խոսելու ենք թերապիայի դինամիկայի, դրա վրա ազդող գործոնների և այս առնչությամբ թերապևտի զգացողությունների մասին։


Մասնագետը հոգեբույժ է, որն ունի հոգեվերլուծական մոտեցում: Նա սուպերվիզիայի է ներկայացրել 4 կլինիկական դեպք, որոնց դինամիկաների մեջ օրինաչափություններ են նկատվում։


Այցելուների վիճակի նկարագրություն


Այցելուները 30-40 տարեկան են, երկուսը՝ կին, երկուսը՝ տղամարդ։ Ունեն «էպիլեպսիա», «շիզոֆրենիա», «ռեակտիվ փսիխոզ» և «փսիխոսոմատիկա» ախտորոշումներ։ Դեղորայքային բուժումից զատ նրանք անցնում են նաև հոգեթերապիա։ Բոլորն էլ բժշկի են դիմել սուր վիճակում, որից մասնագետը նրանց դուրս է բերել։


Խնդիր


Մասնագետին անհանգստացնում է այցելուների վիճակի ալիքաձև փոփոխությունը․ որոշ ժամանակ այցելուների վիճակը բարելավվում է, ինչ-որ պահի՝ վատթարանում, այնուհետև՝ կրկին բարելավվում և այսպես շարունակ։ Այցելուների վիճակի վատթարացման պահին մասնագետն իրեն մեղավոր է զգում, որ չի ստացվում շարունակական աճ ապահովել առանց վատթարացման։


Հոգեվերլուծական ասպեկտ


Հոգեվերլուծական աշխատանքի ժամանակ այցելուների վրա ազդում են ներքին և արտաքին գործոններ, որոնք պայմանականորեն 3 խմբի կբաժանենք․

1) այցելուի ախտանիշներ ու ներքին դիմադրություններ,

2) թերապևտի աշխատանք,

3) արտաքին գործոններ։


1. Հոգեվերլուծական աշխատանքի ընթացքում այցելուները հաճախ են ունենում դիմադրություններ, որոնք, մի կողմից, պաշտպանում են նրանց փխրուն հոգեկանը կտրուկ փոփոխություններից, մյուս կողմից, դժվարացնում թերապիայի ընթացքն ու հոգեվերլուծողի աշխատանքը։ Յուրաքանչյուր դիմադրության հաղթահարումից հետո այցելուի մոտ կարող է նկատվել վիճակի բարելավում, իսկ նոր դիմադրության կազմավորման փուլում՝ վատթարացում։ Սա թերապևտիկ աշխատանքի բնականոն ընթացք է։


2. Թերապևտի աշխատանքը նույնպես կարող է ազդել թերապիայի ընթացքի վրա։ Քանի որ աշխատանքի ժամանակ թերապևտն ունենում է կոնտրտրանսֆերներ՝ անցյալի փորձի փոխանցում այցելուի վրա, ցանկալի է, որ նա մշտապես վերլուծի իր կոնտրտանֆերն ու զգացողությունները, որպեսզի կարողանա չեզոքություն ապահովել այցելուի նկատմամբ։


3. Այցելուի վիճակի վրա կարող են ազդել նաև այլ գործոններ, որոնք հաճախ կախված չեն այցելուից և թերապևտից։ Օրինակ՝ այցելուի ընտանիքում կարող է որևէ մեկը մահանալ։ Նրա վիճակի բարելավմանը զուգահեռ՝ հարազատները կարող են նրան ծանրաբեռնել, իրենց կարծիքով, ապաքինմանը նպաստող գործերով, «էքսկուրսիաներով» դեպի բնության գիրկ, մարդաշատ վայրեր այցելելով և այլն։ Նրանք կարող են վաղաժամ դադարեցնել թերապիան՝ համարելով, թե իրենց հարազատն արդեն բավականաչափ ապաքինվել է և արդեն ինքնուրույն գլուխ կհանի իր խնդիրներից։


Նման դեպքերում մեծապես ցանկալի է, որ այցելուի հարազատները, որոնք նույնպես մարդ են և ունեն սեփական հոգեբանական խնդիրները, թերապիայի գրանցվեն՝ օգնելով իրենք իրենց և իրենց հարազատին։

Այսպիսով՝ այս երեք գործոններից է կախված այցելուի թերապիայի դինամիկան և գրանցվող արդյունքները։ Եվ ցանկալի չէ, դրանցից մեկի վրա հենվելով, գալ այն եզրակացության, թե այցելուի թերապիայում արդյունք չկա կամ այն գոհացնող չէ։


Բացի այդ, թերապիան այդպիսի սինուսոիդի տեսքով էլ ընթանում է առաջ՝ լինում է աճ և անկում, սակայն անկումը չի կարող հասնել այն կետին, որից սկսվել էր թերապիան։ Այսինքն՝ սինուսոիդը նույնպես աճող է։


Սուպերվիզոր՝ հոգեբույժ-հոգեվերլուծող Արա Չալիկյան

Հրապարակումը պատրաստեց Նորա Վանյանը