Ինչպե՞ս հոգեբանն աշխատի փսիխոտիկ կառուցվածքով այցելուների հետ
Վերլուծելով այցելուին, վերլուծելով ինքներս մեզ

Ինչպե՞ս հոգեբանն աշխատի փսիխոտիկ կառուցվածքով այցելուների հետ

Նորա Վանյան

Հոգեվերլուծության հետազոտման և ուսուցման հայկական միությունը կազմակերպել էր հերթական խմբային սուպերվիզիան, որին մասնակցել են հոգեբույժներ, հոգեվերլուծական հոգեբաններ և ապագա մասնագետներ։


Ներկայացված նյութը վերաբերում էր փսիխոտիկ կառուցվածք ունեցող այցելուների հետ հոգեվերլուծական հոգեբանի աշխատանքի առանձնահատկություններին։


Մասնագետներն ընդգծեցին, որ նևրոտիկ անձնավորության հետ աշխատանքի ժամանակ կիրառվող գործիքակազմն անարդյունավետ է և անգամ ոչ նպատակահարմար՝ փսիխոտիկ կառուցվածք ունեցող անձանց հետ աշխատելիս։ Նման այցելուները «փխրուն» հոգեկան ունեն և միաժամանակ նրանց բնորոշ է կարծր, ոչ ճկուն մտածողություն՝ ռիգիդություն։


Նրանց մոտ նևրոտիկ դիմադրությունները թույլ արտահայտված են, երբեմն էլ բացակայում են, ինչով նրանք մեծապես տարբերվում են նևրոտիկներից։


Հարկ է նշել, որ փսիխոտիկ այցելուները փսիխոզով հիվանդներ չեն։ Նրանք նորմալ մարդիկ են և հաճախ ավելի բարձր ինտելեկտ ունեն, քան շատ նևրոտիկներ։


Վերջին հանգամանքը հոգեբանի աշխատանքը շատ է բարդացնում, քանի որ փսիխոտիկներն իրենց բարձր ինտելեկտով հմտորեն կոծկում են իրենց անձնային խնդիրները, որոնք նևրոտիկները ծածկում են դիմադրություններով և նևրոտիկ պաշտպանական մեխանիզմներով։ Փսիխոտիկների մոտ նևրոտիկ պաշտպանական մեխանիզմներ չկան կամ շատ թույլ են արտահայտված։


Սոցիալական փորձն ու հումորի զգացողությունը նրանց մոտ շատ ավելի քիչ են զարգացած, քան նևրոտիկների մոտ։


Փսիխոտիկ այցելուների համար հաճախ դժվար է պահպանել հոգեվերլուծական շրջանակի պայմանները, հատկապես՝ սեանսների ստույգ հաճախականությունը և սեանսների տևողությունը։


Նրանք շուտ են ձանձրանում, շուտ են հոգնում մի նյութի շուրջ երկար խոսելիս, քանի որ նրանց ուշադրությունը շուտ է սպառվում։


Սրանք դիագնոստիկ, ավելի ճիշտ՝ դիֆերենցիալ դիագնոստիկ նշաններ են, որոնք կարող են օգնել մասնագետին ավելի լավ կողմնորոշվելու անձի կառուցվածքի հարցում։


Փսիխոտիկ այցելուների հետ աշխատանքը պահանջում է առանձնահատուկ նրբություն։ Ցանկալի է, որ մասնագետը հնարավորինս նվազեցնի մեկնաբանությունների քանակը՝ երբեմն էլ նույնիսկ ամբողջությամբ հրաժարվի դրանցից՝ նախապատվությունը տալով քննադատությունից զուրկ, ջերմ, մարդկային և ապահով թերապևտիկ միջավայրի ստեղծմանը։


Առանձնահատուկ ուշադրության է արժանի հետևյալ սկզբունքը․ փսիխոտիկ կառուցվածք ունեցող այցելուների հետ աշխատող հոգեբանը պարտադիր պետք է համագործակցի բժիշկ հոգեբույժի հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում խորհրդակցի նրա հետ կամ այցելուին ուղղորդի նրա մոտ կոնսուլտացիայի։


Սուպերվիզիայի նյութը ներկայացրեց հոգեվերլուծական հոգեբան Նորա Վանյանը


Սուպերվիզոր՝ հոգեբույժ-հոգեվերլուծող Արա Չալիկյան