Թերապիայի տեմպի և պացիենտների «դիմադրության» կապի մասին
Վերլուծելով այցելուին, վերլուծելով ինքներս մեզ

Թերապիայի տեմպի և պացիենտների «դիմադրության» կապի մասին

Սուպերվիզիայի նյութը նվիրված է նրան, թե ինչ դժվարություններ ունեն փսիխոզով մարդիկ իրենց ցանկությունների կատարման մեջ, ինչպես է դա արտահայտվում թերապիայում և ինչ ձեռնարկի, ինչպես նաև չձեռնարկի հոգեբույժ-հոգեթերապևտն՝ այցելուին առավելագույնս օգնելու համար։


Այցելուների վիճակի նկարագրություն


Այցելուն Ա․-ն 31 տարեկան կին է, երեք երեխաներից երկրորդն է, ամուսնացած չէ, չի աշխատում, ունի բարձրագույն կրթություն։ Բնավորության մեջ նկատվում են նեղացկոտություն, համառություն, բարություն, կամակորություն։ Շուրջ 10 տարի առաջ նրա մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա, նա բուժվել է հոգեբուժական բաժանմունքներում։ Հետագայում ախտորոշումը ճշտելուց պարզվել է, որ փսիխոզն ունի օրգանական ծագում։ Բուժման ընթացքում մոտ կես տարի հոգեթերապիա է անցել, նկատվել է բարելավում, սակայն հետագայում թերապիան ընդհատվել է։ Մեկ տարի առաջ դիմել է հոգեբույժ-հոգեթերապևտի։


Այցելու Բ․-ն 53 տարեկան կին է, չի աշխատում, ունի միջին մասնագիտական կրթություն, ամուսնացած է, ունի երկու երեխա։ 27 և 25 տարի առաջ երկու անգամ վթարի է ենթարկվել, իսկ 15 տարի առաջ մոտը փսիխոզ է սկսվել։ Բազմիցս բուժվել է տարբեր հոգեբուժական հիվանդանոցներում, վերջին անգամ՝ մոտ 2 տարի առաջ։ Փսիխոզն ունի օրգանական ծագում։


Գանգատը


Այցելու Ա․-ի վիճակը սրվել է երեք տարի առաջ, սկսել է տնից դուրս չգալ։ Երբ մեկ տարի առաջ դիմել է հոգեբույժի, տրամադրության ֆոնը եղել է ցածր, գտնվել է ցնորազառանցական ապրումների ազդեցության տակ, քննադատությունը բացակայել է, այցելուն եղել է հուզականորեն անկայուն, սնունդ չի ընդունել, նկատվել են հիստերիկ վիճակների արտահայտումներ։


Այցելուն Բ․-ն դիմել է հոգեբույժ-հոգեթերապևտի շուրջ մեկ տարի առաջ, նրա մոտ նկատվել են զառանցական մտքեր, ցնորքներ, տրամադրության անկում, քննադատությունը կրել է ֆորմալ բնույթ։


Բուժումը


Երկու այցելուներն էլ ստանում են դեղորայքային բուժում, որն ուղեկցվում է հոգեվերլուծական հոգեթերապիայով։ Նրանց վիճակի մեջ նկատվում է բարելավում։ Այցելու Ա․-ն փնտրում է աշխատանք, ուզում է վարորդական իրավունք ստանալ, դեղորայքի քանակը նախատեսվում է կրճատել։ Այցելու Բ․-ի տրամադրության ֆոնը կարգավորվել է, քննադատությունը բավարար ծավալով վերականգնվել է, նա կանոնավոր կերպով հաճախում է իր թերապևտիկ սեանսներին։


Այցելուների խնդրի նմանությունն ու հոգեվերլուծական տեսանկյունը


Այցելու Ա․-ն թերապևտի հետ խոսել է իր մոտ նկատված դաշտանադադարի մասին, որն էլ հոգեբանական առումով կապված է կանացիության, մայրանալու, տղամարդու հետ հարաբերությունների կառուցման հետ, որտեղ այցելուն դժվարություններ ունի։ Այս անկեղծությունը կարծես թե կարևոր քայլ էր թերապիայում, սակայն դա բերել է դիմադրության, և այցելուն բաց է թողել հերթական սեանսը։


Այցելու Բ․-ն թերապևտին պատմել է, որ ամուսնու նկատմամբ սեռական ձգողություն չունի։ Ամուսինը նրան «փախցրել» է, և նա, կարծես, «իրենց տանն է թողել» իր սերն ու ցանկությունները։ Այս իմաստով Բ․-ն նույնքան փակ է հարաբերությունների համար, որքան Ա․-ն։ Եվ Բ․-ի մոտ այս անկեղծությունից հետո նույնպես դիմադրություն է առաջացել, և վիճակը սրվել է՝ նրա ամուսինը թերապևտին զանգահարել և հայտնել է, որ կինը սեանսից հետո լավ չի զգում իրեն։


Հարկ է նշել, որ երբ այցելուները ցավոտ թեմաները վաղաժամ են ներկայացնում, ցանկալի է, որ թերապևտը կարողանա վերահսկել բարձրաձայնվող նյութի վերլուծական մշակման խորությունն ու ծավալը:


Կառավարելով թերապիայի տեմպը՝ հոգեթերապևտը պետք է օգնի այցելուին իր ցավոտ խնդիրների մասին անկեղծանալ այնքան, որքան նա պատրաստ է այդ պահին վերլուծել առանց անտանելի ցավի զգացողության: Հակառակ դեպքում թերապիայի տեմպը կարող է նվազել: Արտահայտված անտանելի հոգեկան ցավի առաջացման պարագայում այցելուն կարող է նաև ընդհանրապես ընդհատել իր թերապիան: Երևույթը մասնագիտական ոլորտում կոչվում է «վայրի վերլուծություն»:


Հարկ է հիշել, որ թերապիայի տեմպը կրում է նաև «ցավազրկող» ֆունկցիա, ինչպես անեսթեզիան՝ վիրաբուժությունում։ Եվ եթե վիրահատություններում համագործակցում են վիրաբույժն ու անեսթեզիոլոգն, ապա հոգեթերապիայում նրանց երկուսի ֆունկցիաները կատարում է հոգեվերլուծողը միանձնյա: Այս հանգամանքը մեծ պարտավորություն և պատասխանատվություն է դնում հոգեթերապևտների վրա:


Սուպերվիզիայի նյութը ներկայացրեց՝ հոգեբույժ-հոգեվերլուծական հոգեթերապևտ Անուշավան Միրզոյանը

Սուպերվիզոր՝ հոգեբույժ-հոգեվերլուծող Արա Չալիկյան

Խմբագրեց՝ հոգեվերլուծական հոգեբան Նորա Վանյանը