Հատված հոգեբուժական և հոգեվերլուծական պրակտիկայից
Ներկայացնում ենք սուպերվիզիայի ևս մի դեպք՝ հոգեբուժական և հոգեվերլուծական պրակտիկայից։
Այցելուի վիճակի նկարագրություն
Այցելուն 30-ամյա տղամարդ է, որը ներկա պահին բնակվում է Ֆրանսիայում։ Նա ընտանիքի երեք երեխաներից կրտսերն է, ունի իրենից մեծ եղբայր և քույր։ Հայրն ինքնասպան է եղել, եղբայրն ալկոհոլից կախվածություն ունի։ Այցելուն միջնակարգ կրթություն ունի, նախքան երկու տարի առաջ Ֆրանսիա տեղափոխվելը Հայաստանում առաքիչ էր աշխատում, Ֆրանսիայում բնակվում է մոր հետ, քույրն իր ընտանիքով նույնպես այդ երկրում է ապրում։
Այցելուն գտնվում է ֆրանսիական հոգեբուժական դիսպանսերի հաշվառման մեջ, դեղորայքային բուժում է ստանում։ Նրա մոտ ախտորոշվել է շիզոֆրենիայի պարանոիդ ձևը, այցելուն նաև հաշիշամոլությամբ է տարված։
Առաջին անգամ հոգեբույժի է դիմել 2020 թ-ին, եղել է անհանգիստ, ցնորազառանցական ապրումների ազդեցության տակ, հուզական անադեկվատ վիճակում, վարքը եղել է անհեթեթ։ Այցելուն հոգեբույժին պատմել է, որ ականատես է եղել մի աղջկա ինքնսպանության, որն էլ ազդել է իր վիճակի վատթարացման վրա։
Այցելուն ունեցել է ցնորքներ՝ հրամայող, մեկնաբանող և թելադրող բնույթի, իսկ զառանցական մտքերը կապված են եղել հետապնդման, թունավորման հետ, մեծամոլական բնույթի են եղել։ Տրամադրությունը եղել է անհեթեթ բարձր, քունը՝ խանգարված, իսկ քննադատությունը բացայակել է։
Բուժում
Բուժման շնորհիվ հաջողվել է այցելուին հանել այդ վիճակից առանց հոսպիտալացման, նրա վիճակը կայունացել է, փսիխոսիմպտոմատիկան նվազել է, տրամադրությունը կարգավորվել է, քնադատությունը բավարար ծավալով վերականգնվել է։ Սակայն նա հաշիշ է օգտագործում։
Վիճակի կարգավորումից հետո այցելուն ընտանիքով Ֆրանսիա է տեղափոխվել, որտեղ աշխատանքի է ընդունվել, նոր ընկերներ ձեռք բերել։ Սակայն նա մոտ կես տարի դեղերից հրաժարվել է, կրկին սկսել հաշիշ օգտագործել, որի հետևանքով էլ հոգեկան վիճակը կրկին սրվել է։
Նա հաշվառվել է հոգեբուժական դիսպանսերում, ստացել դեղորայաքային բուժում, վիճակը սկսել է կայունանալ, սակայն դեպրեսիան չի անցել։
2023 թ-ին այցելուն կրկին դիմել է հոգեբույժի։ Աշխատանքը տարվում է առցանց։ Դեղորայքը բժշկի հսկողության տակ է պահվում, անցկացվում են նաև հոգեվերլուծական բնույթի սենանսներ։
Արդյունքում՝ այցելուի վիճակն աստիճանաբար բարելավվել է, դեպրեսիան անցել է, իսկ ցնորքներն ու զառանցական մտքերը դրանից առաջ էին անցել։ Այցելուն նոր աշխատանքի է տեղավորվել, քանի որ նախորդ աշխատավայրից կոնֆլիկտի պատճառով հեռացվել էր։
Նա կրկին սկսել է հաշիշ օգտագործել և բժշկից թաքցրել է դա, սակայն տեղյակ էր, որ իր մայրը բժշկին ասել է այդ մասին։ Այցելուի վիճակի համար անբարենպաստ գործոններից են նաև ընկերների բացակայությունը, մոր կողմից գերխնամքը, առավոտյան ժամը 4-5-ին արթնանալը։
Այցելուի հետ աշխատանքի արդյունքում նա նվազեցրել է հաշիշի օգտագործումը, սկզբում մասնագետն ու այցելուն պայմանավորվել են, որ այցելուն օրվա մեջ մի քանի ժամ հատկացնի հաշիշի օգտագործմանն՝ ամբողջ օրվա փոխարեն։ Ներկայում հաշիշի օգտագործման նվազեցման միտումը շարունակվում է, վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելուն մի քանի անգամ է հաշիշ ծխել։
Հոգեվերլուծական ասպեկտ
Հոգեվերլուծությունում հաշիշամոլությունը դիտարկվում է որպես ախտանիշ, ինչպես մնացած բոլոր կախվածությունները։ Դրանք առաջանում են վաղ մանկական հասակում, երբ անձը չի կարողանում բարեհաջող հաղթահարել հոգեսեռական զարգացման առաջին՝ օրալ փուլը։
Այցելուի մոտ հաշիշից կախվածությունն, ինչպես նաև նրա եղբոր մոտ ալկոհոլից կախվածությունը սերտորեն կապված են մանուկ հասակում մորից կախվածության և նրանից ինքնուրույնանալու դժվարության հետ։ Բացի այդ՝ ալկոհոլը, հաշիշն ու նմանատիպ միջոցները ստեղծում են իրականության պատրանքային ընկալման հնարավորություն։
Դրանից օգտվում են մարդիկ, որոնք չեն ցանկանում կամ ինչ-որ պատճառներով չեն կարողանում ընդունել իրականությունը։ Կախվածությունների հիմքում կարող է նաև ընկած լինել մահվան վախը,այսինքն՝ երեխայի համար մորից առանձնանալը, երբ նա դեռ դրան պատրաստ չէ, սարսափելի է և կարող է ասոցացվել մահանալու, չլինելու հետ։
Այս ամենը հաշվի առնելով՝ այցելուն մասնագետի օգնությամբ պետք է գտնի իր խնդրի պատճառը, որի գիտակցումն էլ նրան կօգնի հաղթահարել կախվածությունը։
Նյութը ներկայացրեց հոգեբույժ, հոգեվերլուծական հոգեբան Անուշավան Միրզոյանը
Սուպերվիզոր՝ հոգեբույժ-հոգեվերլուծող Արա Չալիկյան
Հրապարակումը պատրաստեց Նորա Վանյանը