Թերապիային խանգարող հանգամանքներ, որոնք կարող են բերել դրա ընդհատման
Հոգեվերլուծական աշխատանքի ժամանակ հաճախ է լինում, որ այցելուն լռում է, ինչ-որ բաներ է մոռանում, ուշանում է սեանսից կամ բաց է թողնում այն։ Այս կերպ արտահայտվում է նրա դիմադրությունը թերապիային կամ դրա ընթացքում ի հայտ եկող որոշ թեմաներին։
Դիմադրությունները հոգեկանի պաշտպանական կարևոր մեխանիզմներ են։ Դրանք խանգարում են խնդիրների գիտակցմանը, հակազդում են վերլուծական գործընթացին, իսկ որոշ դեպքերում էլ կարող են հանգեցնել աշխատանքի ընդհատմանը։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե դիմադրություններից օգուտ չկա, և պետք է ազատվել դրանցից, որ չխանգարեն թերապիային, սակայն դիմադրությունները կարևոր պաշտպանական դեր են խաղում՝ թույլ չտալով վնասել այցելուին։
Հոգեվերլուծությունում դիմադրությունները վերլուծվում են այնպես, ինչպես ցանկացած այլ ախտանիշ, քանի որ դրանք կարևոր տեղեկություններ են պարունակում այցելուի խնդրի վերաբերյալ։
Դիմադրություններ կարող է ունենալ նաև թերապևտը։ Նա պարտավոր է վերլուծել դրանք առաջանալուն պես՝ այցելուի նկատմամբ իր բարյացակամ չեզոք վերաբերմունքը պահպանելու նպատակով, ինչը որակյալ թերապիայի անհրաժեշտ պայման է։
Դիմադրություններից բացի, այցելուի ապաքինմանը, իհարկե չգիտակցելով, խանգարում են նաև նրա հարազատները։ Սա կարող է անտրամաբանական թվալ, չէ՞ որ հենց շատ դեպքերում հարազատներն են այցելուին ուղղորդում թերապևտի մոտ։
Բայց խոսքը ենթագիտակցական մղումների մասին է․ երբ այցելուն թերապիայի ընթացքում սկսում է փոխվել և ավելի ինքնուրույն դառնալ, հարազատների դերակատարությունը նրա կյանքում սկսում է նվազել։ Շատ հարազատներ, անկեղծորեն ցանկանալով հիվանդի ապաքինումը, միևնույն ժամանակ դեռ պատրաստ չեն լինում հրաժարվելու «օգնողի» իրենց դերակատարումից։
Ներկայացնում ենք այցելուների հետ աշխատանքի երեք դեպք, որոնք արտացոլում են վերլուծական թերապիայի դինամիկան և նշված մեխանիզմները։
Առաջին այցելուն շուրջ 40 տարեկան կին է, ամուսնացած չէ, ապրում է ծնողների հետ։ Հոգեբույժ-հոգեթերապևտի մոտ է հայտնվել կատատոնիկ վիճակում․ նա չէր շարժվում, չէր ուտում, օրվա մեջ մի քիչ ջուր էր խմում: Մասնագետի հետ աշխատելուց մեկ շաբաթ անց սկսել է շարժվել, իսկ 10 ամսվա բուժումից հետո՝ նույնսիկ աշխատել։
Ծնողները, տեսնելով, որ նա բավականին լավ է զգում իրեն, անտեսելով բժշկի բազմաթիվ հորդորները, նրան տարել են ամառանոց, հետագայում էլ ընդհատել են բուժումը։
Վիճակը կրկին վատացել է։ Կրկին դիմել են մասնագետին, որի բուժման շնորհիվ (տևել է 5-6 ամիս), վիճակը կրկին լավացել է, և հիվանդը նույնիսկ սկսել է հեռավար աշխատել։
Հիվանդին կրկին տարել են ամառանոց և կապը բժշկի հետ ընդհատվել է մոտ 2 տարով։ Հիվանդի վիճակը կրկին վատացել է։ Առաջացել է կատատոնիայի կրկնման վտանգ։ Ծնողները կրկին դիմել են բժշկին։ Բուժման ընթացքում այցելուի վիճակը բարելավվել է, սակայն մայրը բողոքել է, որ աղջիկն ագրեսիվ է և հարձակվում է իր վրա։
Թերապևտը, հաշվի առնելով մոր հուզական ծանր վիճակը, փորձ է արել խրատական խոսել ացելուի հետ, ինչը ցանկալի չէր։
Երկրորդ այցելուն տղամարդ է, 40 տարեկան է, ամուսնացած է, ունի մանկահասակ որդի, մարզիկ է։ Կախվածություն է ունեցել կանաբիոիդներից։
Մասնագետի հետ 2-3 ամիս աշխատելուց հետո դադարել է կանաբիոիդներ օգտագործել, սակայն կինը շարունակ մանիպուլացրել է ամուսնուն, փորձել ներքաշել աղանդի մեջ։ Այցելուն վերադարձել է կանաբիոիդների օգտագործմանը։ Կինն էլ թերապևտին բողոքել է այդ կապակցությամբ։
Թերապևտն այս խոսակցության մասին պատմել է այցելուին, այցելուն մի քանի սենաս բաց է թողել, իսկ հետո՝ ընդհատել թերապիան։
Երրորդ այցելուն 38 տարեկան տղամարդ է, ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա, աշխատում է ՏՏ ոլորտում։ Ռուսաստանում ընկել է հոգեբուժարան, սակայն եղբոր օգնությամբ դուրս է եկել, տեղափոխվել Հայաստան։
Թերապևտի հետ աշխատանքի արդյունքում, այցելուն սկսել է ավելի լավ վերաբերվել հարազատներին՝ միևնույն տան մեջ ապրող եղբորն ու եղբոր կնոջը, ընդունվել ավելի լավ աշխատանքի։
Սակայն որոշ ժամանակ անց այցելուի կինը զանգահարել է թերապևտին, բողոքել, թե տեգրը, որը նույնպես հոգեկան խնդիրներ է ունեցել, իրենց հետ է ապրում, դա վտանգավոր է, ամուսինն էլ նրա վրա գումարներ է ծախսում։ Սա նույնպես ազդել է այցելուի թերապիայի ընթացքի վրա։
Ինչ վերաբերում է թերապևտին, ապա կարող է հարց առաջանալ․ ի՞նչ անի նա՝ թերապիայի նպատակներին հավատարիմ մնալու, այցելուի հարազատների ճնշումներին դիմանալու համար։
Ինչպես բոլոր այլ խոչընդոտող հանգամանքներում, այս դեպքում նույնպես թերապևտի անելիքը սեփական հակատրանսֆերները վերլուծելն է։
Սա նրան կօգնի ենթագիտակցական մակարդակում առանձնացնել սեփական խնդիրն այցելուի խնդրից, նրա և նրա հարազատների նկատմամբ ընդունել բարյացակամ չեզոք վերաբերմունք և պահպանել թերապևտիկ դիստանցիա, ինչն էլ որակյալ աշխատանքի գրավականներից է։
Սուպերվիզիայի նյութը ներկայացրեց հոգեբույժ-հոգեվերլուծական հոգեթերապևտ Անուշավան Միրզոյանը
Սուպերվիզոր՝ հոգեբույժ-հոգեվերլուծող Արա Չալիկյան
Խմբագրեց հոգեվերլուծական հոգեբան Նորա Վանյանը