Փսիխոտիկ այցելուի հետ աշխատանքի նրբություններ
Հոգեվերլուծության հետազոտման և ուսուցման հայկական միությունը հերթական սուպերվիզիան անցկացրեց։ Միության մասնագետները քննարկեցին դեպքեր հոգեվերլուծական պրակտիկայից։ Դրանցից մեկի նկարագրությունով կիսվում ենք մեր ընթերցողների հետ։
Այցելուի վիճակի նկարագրություն
Այցելուն 50-ամյա կին է, միջին մասնագիտական մանկավարժական կրթություն ունի։ Չի աշխատում, ամուսնացած է, ունի 2 չափահաս որդի։ Ընտանիքով բնակվում է Ռուսաստանում։ Երկու անգամ ավտովթարի է ենթարկվել։
Առաջին ավտովթարի հետևանքով գլխուղեղային ցնցում է ստացել և բուժում է անցել, երկրորդ ավտովթարից 10 տարի անց (36 տարեկանում)՝ այցելուի մոտ փսիխոտիկ երևույթներ են սկսվել՝ դեպրեսիվ և պարանոիդ համախտանիշների տեսքով։ Այցելուն հոգեբուժական օգնություն է ստացել ռուսաստանյան մի քանի հոգեբուժարաններում, սուիցիդալ փորձ է կատարել, սակայն նրան հասցրել են օգնություն ցուցաբերել։ 2024 թ-ին տեղափոխվել է Հայաստան՝ բուժման նպատակով։
Այստեղ հոգեբույժի է դիմել 2024 թ-ի փետրվարին։ Այցելուի մոտ նեյրոլեպտիկ համախտանիշ է ախտորոշվել։ Այցելուն նշել է, որ լսողական ցնորքներ է ունեցել, որոնք, սակայն անցել են։ Նրա մոտ նկատվել են զառանցական մտքեր, տրամադրության անկում, քննադատությունը կրել է ֆորմալ բնույթ։
Հոգեբույժի և այցելուի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շաբաթական մեկ օֆլայն սեանս կանցկացնեն, իսկ այցելուի մշտական բնակության վայր՝ Ռուսաստան, տեղափոխվելուց հետո սեանսները պետք է անցկացվեն առցանց։
Բուժում
Այցելուի հետ աշխատանքը տարվում է և՛ դեղորայքային, և՛ հոգեթերապևտիկ ուղղությամբ։ Այսինքն՝ այցելուն ստանում է դեղորայք և մասնագետի օգնությամբ զուգահեռ աշխատում է իր հոգեբանական խնդիրների լուծման վրա։
Բուժման արդյունքում ացելուի տրամադրության ֆոնը կարգավորվել է, քննադատությունը բավարար ծավալով վերականգնվել է։ Այցելուն հետևում է իր արտաքինին, Հայաստանում գտնվելու ժամանակ սեանսներին հաճախել է հաճույքով, այժմ էլ պատրաստակամորեն մասնակցում է առցանց սեանսներին։
Հագեվերլուծական ասպեկտ
Այցելուն իր անհանգստություններից խոսելիս նշել է, որ ամուսինը խաղամոլությամբ է տարված, իսկ ավագ որդին գիշերամիզություն ունի, որն էլ խանգարում է վերջինիս ամուսնությանը։
Հոգեվերլուծական տեսանկյունից խաղամոլությունը կապված է մարդու հոգեսոցիալական զարգացման 3 փուլերից առաջինի՝ օրալ փուլի հետ, երբ երեխան ծնվելուց մինչև մոտ մեկ տարեկանն աշխարհը ճանաչում է՝ ամեն ինչ բերանը տանելով։
Այդ տարիքում նա մեծապես կախված է մորից և նրանից ստացած սննդից։ Երբ այս փուլը բարեհաջող չի հաղթահարվում, առաջանում են տարբեր տիպի կախվածություններ՝ խաղամոլություն, թմրամոլություն, ալկոհոլիզմ և այլն։
Խաղամոլությունը ոչ միայն վնասում է դրանով տառապողին, այլև նրա հարազատներին։ Մեծ մասամբ այն կարելի է դիտարկել նաև որպես ագրեսիա՝ այս կամ այն հարազատի՝ հոր, մոր, կնոջ դեմ։
Ինչ վերաբերում է գիշերամիզությանն, ապա ոչ օրգանական ծագման գիշերամիզությունը դիտարկվում է՝ որպես խորքային հոգեբանական խնդրի ախտանիշ։ Դրա հիմքում նույնպես ծնողների, մասնավորապես՝ մոր հետ հարաբերություններն են։ Գիշերամիզության «շնորհիվ» երեխան մորից ստանում է ուշադրություն, հոգատարություն, հաճախ՝ զայրույթ, բայց ոչ անտարբերություն։
Նյութը ներկայացրեց հոգեբույժ, հոգեվերլուծական հոգեբան Անուշավան Միրզոյանը
Սուպերվիզոր՝ հոգեբույժ-հոգեվերլուծող Արա Չալիկյան
Հրապարակումը պատրաստեց Նորա Վանյանը