Լռության իմաստները թերապիայում
Սուպերվիզիայի ևս մի դեպք ենք ներկայացնում հոգեբույժ, հոգեվերլուծական հոգեբան Անուշավան Միրզոյանի պրակտիկայից։
Այցելուի դեպքի նկարագրություն
Այցելուն 30-ն անց տղամարդ է, ամուսնալուծված է, ունի երեխաներ, կնոջ և երեխաների հետ երբեմն է հանդիպում, երբ առողջությունը թույլ է տալիս: Հոգեբույժին դիմելու պահին այցելուն ապրում էր մոր հետ, հայրը մահացել էր, ունի եղբայր, որն էլ հոգում է բուժման ծախսերը։
Նախորդ մասնագետները բուժզննման արդյունքում այցելուի մոտ ախտորոշել են շիզոֆրենիա, նա ունեցել է շիզոֆրենիայի փուլերին բնորոշ դեֆեկտ՝ անտարբերություն, չի հարդարվել, չի հետևել իր հիգիենային։
Հոգեբույժի հետ աշխատանքը տևել է 1տարի 6 ամիս, այնուհետև՝ ացելուի մոր ցանկությամբ աշխատանքն ընդհատվել է, այցելուին տարել են էքստրասենսի մոտ։ 1 տարի ընդմիջման ընթացքում այցելուի վիճակը վատթարացել է, նա 3 անգամ հոսպիտալացվել է, սնունդ չի ընդունել, ռեանիմացիայի կարիք է եղել։
Այնուհետև նրա հարազատները կրկին դիմել են Անուշավան Միրզոյանին՝ այցելուի բուժումը շարունակելու նպատակով։
Բուժում
Այցելուին նշանակվել է դեղորայքային բուժում և թերապևտիկ սեանսներ։ Սեանսներն անցկացվում են շաբաթը մեկ անգամ։
Բուժման դինամիկա
Բուժման արդյունքում այցելուի հետ սեանսների տևողությունը 10 րոպեից հասել է 20 րոպեի: Սա դրական արդյունք է, քանի որ փսիխոզ ունեցող այցելուները շուտ են հոգնում, և չեն դիմանում երկարատև սեանսների։
Եվ եթե բուժման սկզբում սեանսների ժամանակ այցելուն չի խոսել 4 ամիս, սեանսի ժամը լրանալուն պես դուրս է եկել բժշկի կաբինետից, ապա այժմ սկսել է քիչ-քիչ խոսել, հիգիենայի կանոնները պահպանել, կարողանում է երբեմն հանդիպել կնոջն ու երեխաներին, ինքնուրույն հաճախում է սեանսներին, նրա վիճակը կայուն է, բուժման նկատմամբ պատասխանատվությունն ավելի բարձր է։
Այցելուի ապաքինմանը զուգահեռ՝ նրա մոր մոտ արյան քաղցկեղ է հայտնաբերվել, որի հետևանով էլ նա մահացել է։ Այցելուի հետ աշխատանքը շարունակվում է։
Հոգեվերլուծական ասպեկտ
Հոգեվերլուծական տեսանկյունից լռությունը սեանսների ժամանակ ենթակա է վերլուծության, ինչպես ցանկացած այլ ախտանիշ։ Եթե ընդունենք, որ թերապևտն այս պարագայում հասարակության մարմնավորումն է, ապա այցելուն լռելով փորձում է «հասարակությանը», իսկ «հասարակության» լռությունը ցույց է տալիս, որ այն անվտանգ է այցելուի համար։
Այցելուն տեսնում և գիտակցում է, որ ունի չխոսելու իրավունք, իր անձի նկատմամբ ձեռք է բերում ազատություն և ինքնահարգանք։
Թերապևտի համար ամիսներ տևող լռությունը սեանսների ժամանակ մարտահրավեր է, որին դիմանալը հեշտ չէ։ Սակայն, սեփական զգացմունքների և կոնտրտրանսֆերների (հակափոխանցում) մշտական վերլուծությունը թերապևտին թույլ է տվել պահպանել աշխատանքի որակը, ինչն էլ այցելուի վիճակի մեջ դրական դինամիկայի է բերել։
Այցելուի հետ աշխատանքում լրացուցիչ դժվարություններ են ստեղծում նաև նրա հարազատները՝ հաճախ չգիտակցելով դա։ Այս այցելուի պարագայում բուժման ընդհատումը, նրան էքստրասենսի մոտ տանելը հետաձգել են բուժումը և «արջի ծառայություն» մատուցել նրան։ Նման դեպքերում ցանկալի է, որ այցելուի հարազատները նույնպես դիմեն օգնության և սեփական թերապիան անցնեն։
Նյութը ներկայացրեց հոգեբույժ, հոգեվերլուծական հոգեբան Անուշավան Միրզոյանը
Սուպերվիզոր՝ հոգեբույժ-հոգեվերլուծող Արա Չալիկյան
Հրապարակումը պատրաստեցին Արփինե Աբրահամյանն ու Նորա Վանյանը