Հոգեբուժական և հոգեվերլուծական մեթոդների համատեղ կիրառումը
Հոգեվերլուծության հետազոտման և ուսուցման հայկական միությունում կայացավ սուպերվիզիա՝ նվիրված գործնականում հոգեբուժական և հոգեվերլուծական մեթոդների համատեղ կիրառմանը։ Հոգեբույժ, հոգեվերլուծական հոգեբան Անուշավան Միրզոյանը միությանն անդամակցող մասնագետներին ներկայացրեց այցելու Դ․-ի հետ տարվող աշխատանքը։
Այցելուի դեպքի վերլուծություն
Այցելուն ընտանիքի երկու տղա զավակներից ավագն է։ Ներկայում ամուսնացած է, ունի երկու երեխա։ Ծառայել է բանակում, այդ ժամանակից էլ նկատել է զարկերակաին ճնշման տատանումներ՝ հիպերտենզիայի տեսքով։ Հոգեբույժի հետազոտման արդյունքում նրա մոտ ախտորոշվել է փսիխոսոմատիկ խանգարման սոմատիզացված ձևը։
Այցելուն դիմել է հոգեբույժի 2023 թ-ի հունիսին՝ գանգատվելով զարկերակային ճնշման տատանումներից։ Նշել է, որ հիպոտենզիվ դեղորայք է օգտագործում՝ ճնշումը կարգավորելու համար, սակայն հաճախակի հիպերտոնիկ կրիզներ է ունենում։ Նշել է, որ շաբաթը մի քանի անգամ շտապօգնություն է կանչում, այցելում տարբեր հիվանդանոցների կարդիոլոգիական բաժանմունքներ։
Նա կարծում է, որ սրտի հետ կապված խնդիրներ ունի և կարող է ինֆարկտից մահանալ։ Սրտի հետզոտությունները, սակայն, ոչինչ չեն հայտնաբերել։ Այցելուն նշել է նաև, որ տագնապի նոպաներ է ունենում, շտապօգնություն է կանչում և խուսափում է քաղաքից դուրս գալ։
Ունենում է նաև կպչուն մտքեր, տրամադրության, աշխատունակության անկում։ Եթե նախկինում առավոտից մինչև երեկո աշխատավայրում էր անցկացնում, ապա այժմ ոչ ամեն օր է գնում, գնալիս էլ՝ մեկ-երկու ժամ։
Այցելուին նշանակվել է դեղորայքային բուժում, որին զուգահեռ տարվել է նաև հոգեբանական խնդիրների վերլուծության աշխատանք։ 3 ամսվա թերապիայի արդյունքում այցելուի տագնապի նոպաներն անցել են, շտապօգնություն սկսել է չկանչել, հիվանդանոց է այցելել միայն հերթական կոնսուլտացիայի ժամանակ, հիպերտոնիկ կրիզներ չի ունեցել։
Այցելուն նշել է, որ տագնապայնությունն ու նյարդայնությունը գրեթե անցել են, կարողանում է գրեթե ամբողջ օրն աշխատել։ Սեփական վիճակն, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար։ Այս ընթացքում ընտանիքի անդամների և ընկերոջ հետ Լոռու մարզ ուխտագնացության է գնացել։
2024 թ-ի մայիսի դրությամբ այցելուն լողի է կանոնավոր գնում, ծխելը թողել է, ալկոհոլ օգտագործում է հազվադեպ առիթների ժամանակ, տրամադրությունը կարգավորվել է, հիմնականում կայուն է, աշխատանքում ունի հաջողություններ, կրկին կարողանում է ընկերների հետ հանդիպել, միջոցառումների գնալ, զարկերակային ճնշման կտրուկ տատանումներ չի ունենում, հիպոտենզիվ դեղորայք օգտագործում է, սակայն դեղաչափն ավելացնելու կարիք չի եղել։ Այցելուի հետ աշխատանքը շարունակվում է։
Հոգեմարմնական հիվանդությունների առկայությունը ենթադրում է հոգեբանական խնդիրների առկայություն։ Այսինքն՝ տևական ժամանակ չլուծված հոգեբանական խնդիրները հանգեցնում են մարմնական դրսևորումների։
Այս այցելուի պարագայում կարդիոֆոբիան (սրտային հիվանդությունց մահանալու պաթոլոգիկ վախ) հանգեցրել էր շփումների կրճատման, մեկուսացման, տնից հեռանալու վախի, տագնապայնության։ Հարկ է նշել, որ կարդիոֆոբիան ագորաֆոբիայի դրսևորումներից մեկն է, որի դեպքում մարդը սարսափում է տնից դուրս գալ առանց ուղեկցության և գտնվել մարդկանց մեծ կուտակման վայրերում։
Հոգեվերլուծական տեսանկյունից ագորաֆոբիան կապված է վաղ մանկությունում չհաղթահարված անջատման, մորից առանձնանալու խնդրի հետ։ Բացի այդ, տվյալ այցելուի մոտ նկատվել են հոգեմարմնական հոգեկերտվածքին բնորոշ այլ ախտանիշներ ևս։ Այցելուն նշել է, որ աշխատակիցների հոգսով է ապրում, չի կարողանում մերժել նրանց, ինչպես նաև կարիքի դեպքում՝ ազատել աշխատանքից, ինչից տուժում է աշխատանքը։
Այս վարքի հիմքերն էլ են վաղ մանկությունում ձևավորվում և կարող են կապված լինել, մորը չնեղացնելու, նրան «աշխատանքից ազատելու» և ինքնուրույն կյանք վարելու առնչությամբ մեղքի զգացման հետ։
Նյութը ներկայացրեց հոգեբույժ, հոգեվերլուծական հոգեբան Անուշավան Միրզոյանը
Սուպերվիզոր՝ հոգեբույժ-հոգեվերլուծող Արա Չալիկյան
Հրապարակումը պատրաստեց Նորա Վանյանը